Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը բանաձև կներկայացնի Ներկայացուցիչների պալատ՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը ողջունում է նոր օրինագիծը, որը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են Ներկայացուցիչների պալատ: Այդ բանաձևով Ադրբեջանին կոչ է արվում անմիջապես ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին, որոնք որպես պատանդ են պահվում նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրից հետո: Այս մասին գրված է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի կայքում:

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկկուսակցական բանաձևը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրաքիսը, Ջեքի Սփիերը, Դևիդ Վալադոն և Ֆրենկ Փալոունը: Բանաձևը  փաստում է, որ ադրբեջանական զինված ուժերը վատ է վերաբերվում հայ գերիներին և նրանց ենթարկում է «ֆիզիկական խոշտանգումների և նվաստացման», այդ թվում՝ գլխատումներ անում և մահապատժի ենթարկում առանց դատավարության:

Հայկական հարցերով հանձնաժողովի առաջնորդները նաև նամակով կոչ են արել իրենց գործընկերներին միանալ իրենց և հավանություն տալ օրինագծին: Այն ներկայացվելու է հաջորդ շաբաթ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.