«Եթե քաղաքացին օրենքի պահանջը չկատարի, դիմակ չկրի, ապա, այո, պետք է կիրառվի նաև տուգանք…». Առողջապահության նախարար

Այո, ես էլ եմ մասնակցել հանրահավաքներին, միշտ եղել եմ դիմակով և հորդորում եմ բոլորին միշտ լինել դիմակով: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե չե՞ք կարծում, որ քաղաքական ղեկավարության սոցիալական անպատասխանատվության արդյունքում է, որ ունենք վարակի աճ, իսկ իշխանության հանրահավաքներին դուք էլ եք մասնակցել:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանին և Արսեն Թորոսյանին խորհուրդ տվե՞լ էր, որ հանրահավաքին ներկայանան դիմակով, Ավանեսյանը պատասխանեց, որ իր հորդորը ուղղված է բոլորին:

Նա նշեց, որ Կառավարության նիստին հանձնարարական է տրվել, որ Ոստիկանությունն աչալուրջ լինի և հնարավորության սահմաններում ապահովվի քաղաքացիների կարգապահությունը:

Ավանեսյանն ընդգծեց, որ եթե կրենք դիմակ, չենք անցնի խիստ միջոցների, պետք չէ սպասել պարտադրելուն, ինքներս կարգապահություն դրսևորենք. «Չհասնենք, նրան, որ ոստիկանը կամ այլ վերահսկող մարմին նկատողություն, տուգանք կիրառի, բայց եթե քաղաքացին օրենքով սահմանված պահանջը չկատարի, ապա, այո, պետք է կիրառվի նաև տուգանք»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.