«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը քիչ առաջ՝ քննչական կոմիտեից դուրս գալուց հետո, լրագրողներին ասել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ հարցեր են իրեն տալու, որովհետև ոչ մի հարցի չի պատասխանելու, ոչ մի ցուցմունք էլ չի տալու, և չի հետաքրքրում՝ իրեն կկալանավորե՞ն, թե՞՝ ոչ։
«Ասել եմ նախադասություններ, թող իրավաբանները մեկնաբանեն՝ այդ նախադասություններն ինչ են նշանակում։ Ես ոչ մի ցուցմունք տալու առիթ կամ պատճառ չունեմ», — ասել է Վազգեն Մանուկյանը, ապա հավելել, որ իրեն առաջադրված մեղադրանքն իսկական քաղաքական հետապնդում է, և որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Ըստ ընդդիմության թեկնածուի՝ մեր երկրում վերջին 2,5 տարում գոնե ամիսը մեկ խախտվում է Սահմանադրությունը։
«Խախտվում են հիմնական օրենքները, ըստ որում՝ երկրի ղեկավարի կողմից։ Պատերազմի ավարտից հետո՝ արդեն ոչ ռազմական վիճակում, ինքը շարունակում է Ադրբեջանին տալ Սյունիքի հողերը։ Դա նշանակում է ամենամեծ հանցագործությունը, որը կարող է կատարվել և Սահմանադրության ամենամեծ խախտումը։ Կարծում եմ, որ իր դեմ պետք է քրեական գործեր հարուցել և հետապնդել»,-ասել է Մանուկյանը։
Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանը այսօր հրավիրվել էր ՔԿ հարցաքննության։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանությունը զավթում, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։