Վարկածները տարբեր են, թե ինչը ստիպեց բարձրաստիճան զինվորականներին՝ միջամտել քաղաքական պրոցեսներին: Եղավ հայտարարություն, որ նախկին նախագահներից մեկը ուղղակիորեն ցուցում է տվել:
Կա նաև վարկած, որ գեներալիտետի մի մասը դժգոհ է և՛ պատերազմի արդյունքից, և՛ Հայաստանի կառավարումից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Ինչ արդարացում էլ բերեն, անընդունելի է զինվորականների այդ քայլը: Մեր ռազմական գործիչները, բանակի, գլխավոր շտաբի ղեկավարները պետք է առավելագույնս չեզոք գտնվեն Հայաստանի ներսում ընթացող քաղաքական գործընթացների նկատմամբ, դա է պահանջում և՛ Սահմանադրությունը, և՛ տրամաբանությունը»- նշեց քաղաքագետը:
«Ո՞ր երկրում է ռազմական խունտան եկել իշխանության, և այդ երկիրը մի լավ բան է ստացել, չկա այդպիսի օրինակ, այդպիսի երկրները զարգացումից հետ են ընկել տասնյակ տարիներով: Զինվորականների մուտքը քաղաքականություն, միշտ խնդիրներ է առաջացնում»,- նշեց Գրիգորյանը: