Դուք ուղղակի չգիտեք՝ ինչ ղալաթ եք բերել ձեր գլխին՝ նոյեմբերի 15-ի հայտարարությամբ։ Այս մասին այսօր՝ մարտի 3-ին, ԱԺ-ում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին։
«Եկել եք սատանի մայլեն քյանդրբազություն եք անում, բոլոր տեսակի ձեր պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն»,- հայտարարեց պատգամավորը։
Բաբաջանյանը վարչապետին սպանելու փորձ կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործի նյութերում առկա հեռախոսային խոսակցության ձայնագրությունը միացրեց։ Նա շեշտեց, որ այդ խոսակցության մասնակիցները Վարդազարյանի ընկերներն են. «Ուզում եմ կանգ առնել հենց այս խոսակցության եւ այն ամսաթվի վրա, թե երբ է տեղի ունեցել վարչապետին խփելու վերաբերյալ այս խոսակցությունը։ Նոյեմբերի 14, պարոն Վարդազարյան, եւ այդ մարտակոչը, որը դուք արել նոյեմբերի 15-ին, ուղղակի կապ ունի այս մտադրության եւ այս շրջանակի հետ»։
Բաբաջանյանը նշեց, որ Վարդազարյանի որդին մասնակցում է Բաղրամյանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաներին, իսկ Վարդազարյանն ԱԺ ամբիոնից դատապարտում այնտեղ հնչեցված կոչերը։
«Որ այդպես մխրճվել եք դատական համակարգ եւ բարեկեցիկ կյանք եք ձեզ համար ապահովել, հարց է առաջանում՝ կա՞ գոնե այնպիսի մի բան, որի համար հպարտ եք, որ եղել եք դատավոր»,- ասաց պատգամավորը։
Ռուբեն Վարդազարյանն արձագանքելով պատգամավորին՝ նշեց, որ Դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 75-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Դատավորների էթիկայի կանոնների 3-րդ կանոնն իրեն զսպում է, որ ինքը չպատասխանի Բաբաջանյանին հենց այդ բառապաշարով.
«Ձեր վիրավորական արտահայտությունները իմ անձի նկատմամբ ունենալու են հետեւանք. այստեղից գնալուց հետո ես դիմելու եմ ԱԺ-ի խորհրդին կամ էթիկայի հանձնաժողովին, խնդրելու եմ, որ ձեզ ենթարկեն կարգապահական պատասխանատվության»։
Անդրադառնալով իր որդու վերաբերյալ հայտարարությանը՝ ԲԴԽ նախագահն ասաց. «Ինչը վերաբերում է որդուս։ Տեղեկացնեմ, որ որդիս առնվազն 2 շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ տանը հիվանդ պառկել է, մի շաբաթ առաջ վիրահատվել է, այժմ հետհիվանդանոցային բուժում է ստանում տանը՝ պառկած։ Ձեր պնդումը քայլ է՝ փորձել վիրավորել, գոտկատեղից ներքեւ հարվածել եւ իմ ընտանիքի անդամներին ներքաշել այս հարցադրմանը։ Սա հարիր չէ ԱԺ պատգամավորին, ձեզ խոսք եմ տալիս, որ այն պահից սկսած, երբ ես չեմ հանդիսանա դատավոր, եւ չեմ ունենա օրենքով այդ զսպվածությունը, ես ձեզ կպատասխանեմ նույն բառերով։ Մեծ հաճույքով ձեզ կպատասխանեի, բայց կմնամ կոռեկտության սահմաններում»։
Բաբաջանյանն անդրադառնալով ԲԴԽ իրավաբան-անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումին՝ հարցրեց. «Ես ինչ-որ իմաստով նաեւ հետապնդում եմ ձեզ, դատավորի այդ դիմումի ներկայացնելուց առաջ դուք այդ դատավորի հետ սրճարանում սուրճ էիք խմում։ Այդ հանդիպման բովանդակությունը որեւէ կերպ առնչվե՞լ է Ջհանգիրյանի վերաբերյալ սկսված գործընթացի հետ»։
Վարդազարյանն ասաց, որ ԲԴԽ-ում քննվում է Կարինե Պետրոսյանի վերաբերյալ Արդարադատության նախարարի կողմից հարուցված վարույթը։
Նա ասաց, որ հաշվի առնելով իր մտերիմ, ընկերական, ընտանեկան հարաբերությունները Պետրոսյանի հետ, հայտնել է ինքնաբացարկ. «Իսկ թե ինչ ենք խոսել Կարինե Պետրոսյանի հետ, դա բացառապես իմ եւ նրա խնդիրն է»։