Այսօր ԱԺ հայտարարությունների ժամից հետո ԱԺ նիստերի դահլիճից ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ու ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դուրս եկան իրար հետ վիճելով:
Մինչ այդ «Իմ քայլը» խմբակցությունից Հայկ Կոնջորյանն ասել էր, որ Նաիրա Զոհրաբյանը իրեն Մարգարետ Թետչերի տեղն է դրել, Միքայել Մելքումյանն էլ՝ Չերչիլի, մինչդեռ իրենց ձայնի դիապազոնից վախեցող չկա: Աբովյանն ասում էր, որ իմքայլականները տանում են իրավիճակի սրման:
Նիստերի դահլիճից դուրս գալիս Ալեն Սիմոնյանն Աբովյանին ասաց. «Զգույշ վաղը առավոտ թազա բան չպարզվի»: Աբովյանը արձագանքեց. «Ախպեր, ինչ ուզում է պարզվի, ես ձեզ հարց եմ տալիս…»:
Ալեն Սիմոնյանը շարունակեց. «Սենց ենք անում, դու գնում ես սրացման, առավոտը թազա բան է պարզվում»: Հետո Աբովյանն ու Ալեն Սիմոնյանը առանձնացան լրագրողների աչքից հեռու խոսելու: Իսկ թե ինչ էր ակնարկում Ալեն Սիմոնյանը, պարզ կլինի առավոտ: