«Սա հեղաշրջում չէ, այլ բանակը միացել է իր ժողովրդին...». Սեյրան Օհանյան

Մեր նպատակները մեծ են եւ մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի հաղթանակ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհնյանը:

«Այնտեղ, որտեղ բնակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են: Այս պատերազմի ընթացքում որոշ ժամանակահատվածներում բանակը միայնակ էր մնացել: Մեզ համար հասկանալի է, որ այս ամենը արդյունք է ոչ լիարժեք, անգրագետ, ապիկար կառավարման: Այս իշխանությունները եւ կառավարության ղեկին նստած անձնավորությունը կառավարման որեւէ հատկանիշ չունի: Նրա կառավարման հատկանիշների արդյունքում է, որ բանակը պատերազմի ժամանակ մնաց միայնակ: Մեր ամբողջ պատմության ընթացքում մեր կողքին կարմիր թելով անցել է մի շատ կարեւոր  առանձնահատկություն, որ վտանգի պահին մենք միասնական ենք: Այս պատերազմի ժամանակ այս իշխանությունը այդ առանձնահատկությունը հիմնովին ոչնչացրեցին»,-հայտարարեց նախկին նախարարը:

 

 

Նա նշեց, որ այս պահին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն իր կողքին է հավաքում իր համախոհներին. «Ես որեւէ մեկին չեմ մեղադրում իրենց տեսակետների համար, բայց ինչո՞ւ այդ նույն բանը չարեց պատերազմի ժամանակ վարչապետը: Որովհետեւ իրեն դա պետք չէր: Իրեն բանակն ու ժողովուրդը պետք են միայն ինքնագովազդով զբաղվելու համար:

Սեյրան Օհանյանն անդրադարձավ ԳՇ պետի պաշտոնից Տիրան խաչատրյանին ազատելու որոշմանը՝ նշելով. «Արցախյան ազատամարտի ժամանակ 19 տարեկանում, թողնելով իր ուսումը բուհում, զենք վերցրեց ու մեկնեց պատերազմ: Ո՞ւր էր այդ ժամանակ Նիկոլը, թաքնվել էր իր եղբայրների թիկունքում՝ ասելով, թե սովորում եմ ինստիտուտում: Եթե հայրենասեր էիր, վերցնեիր զենքը:

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել զորամիավորումների հրամանատարներին, որոնք միացել են ԳՇ կոչին: Սա նշանակում է, որ տեղերում, հատկապես սահմաններին այլեւս ոչ մի թիզ չենք զիջելու հակառակորդին: Այլեւս կամովին GPS-ով սահմանային ոչ մի իրավիճակ չի հանձնվելու հակառակորդին: Յուրաքանչյուր թիզ հողի, ռազմավարական  բարձունք ու ճանապարհ միայն ճիշտ սահմանազատման արդյունքում են այդ սահմանները գծվելու»:

Նախկին նախարարը հայտարարեց, թե սա ԳՇ-ի կողմից հեղաշրջում չէ, այլ բանակը միացել է իր ժողովրդին:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.