Ասել, որ պարոն Ծառուկյանի շնորհիվ եմ ես հայտնվել ԱԺ-ում, ճիշտ չէ, որովհետեւ մենք բոլորս եղել ենք նույն քաղաքական ուժի կազմում, ամեն մեկս մեր հեղինակությամբ նպաստել է այդ ամենին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, ընդդիմության կազմակերպած անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցությունը լքած պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ավելի ճիշտ չէր լինի՞ մանդատը դնել նոր դուրս գալ ԲՀԿ-ից, որովհետեւ այդ մանդատը ստացել է Ծառուկյանի շնորհիվ:
«Այնպես չի, որ ես փողոցում ընկած եսիմ ով էի, կամ էլ «Գինդ» թերթով հայտարարություն էի տվել, որ ինձ աշխատանք տային, ու Ծառուկյանն էլ ինձ աշխատանք էր տվել: Մենք բոլորս ենք նպաստել այդ ձայներին: Ես փողոցում ընկած բոմժ չեմ եղել, որ ինձ բերեին տային պատգամավոր: Ես անցյալ եմ ունեցել, հազար ու մի պաշտոն եմ ունեցել: Թող մտածեն այն մարդիկ, որոնք անցյալ չունեն: Այդպես մի անցյալ չունեցող մեկն էլ ասել էր՝ Պետրոսյան Գեւորգը կարմիր գծերն անցել է, Պետրոսյան գեւորգն էլ որոշեց կարմիր գծերը կարգին անցնել»:
Գևորգ Պետրոսյանն ասաց, որ պետք է այսուհետ անկաշկանդ գործի, իսկ կուսակցական զսպաշապիկն իրեն խանգարել է ավելի անկաշկանդ լինել։ «Ես ավելի ակտիվ, ավելի ըմբոստ մարդ եմ և իմ ըմբոստությունը քանի որ շատ ժամանակ որակվել է որպես կուսակցության դեմ ավելորդ թշանամանքի մթնոլորտի հարուցման առիթ, դրա համար այդ թշնամանքի առիթից ազատել եմ կուսակցությանը։ Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները նորմալ են, շարունակում եմ նրան հարգել։ Չեմ խոսել, չեմ զրուցել»,-նշեց Գևորգ Պետրոսյանը։