«Դու տեղ չունես այստեղ...»․Աբովյանի թիվ 1 դպրոցի նորանշանակ տնօրենը՝ ուսուցչին

Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում արդեն երրորդ շաբաթն է՝ շարունակվում է դասապրոցեսը խաթարված մնալ։ Դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտնում է, որ այսօր էլ՝ ինչպես նախօրեին, որոշ ծնողներ էին դպրոց գնացել, որպեսզի իրենց երեխաներին դպրոցից հանելու դիմում գրեն։

Նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի դեմ բողոքող ուսուցչական անձնակազմն ու աշակերտները պնդում են՝ չեն ցանկանում նրան տեսնել տնօրենի պաշտոնում՝ համարելով, որ նա հովանավորչությամբ է այդ պաշտոնում նշանակվել։

Քարմիլե Առաքելյանն իր հերթին պնդում է՝ ինքը հովանավորյալ չունի, երբեւէ քաղաքականացված չի եղել եւ իր դեմ սկսված արշավը ուղղորդված է համարում։

«Եկեք ինձ մոտ բացատրություն գրելու, որ խաթարում եք ուսումնական գործընթացը։ Դուք այն ուսուցիչն ենք, որ տեղ չունի դպրոցում։ Աշակերտներն իրենց ուսուցչի որակը Ձեր լայվերի միջոցով են տեսնում»,- դիմելով պատմության ուսուսցչին ասաց նորանշանակ տնօրենը։

Հայկ Փայտյանը նշեց, թե ինքը գործադուլում է, եւ չի պատրաստվում որեւէ բացատրություն տալ այս փուլում։

Ապա դպրոցի նորանշանակ տնօրենը ներկա աշակերտներին հորդորեց, որ իրենց ընկերներին համոզեն, անգամ ստիպեն, որ նրանք հաճախեն դասի, որպեսզի վերականգնվի դասապրոցեսը։

«Չեք կարծո՞ւմ, որ պիտի ամբողջ դասարանով հավաքվեք ու գաք, որ էս ընթացքն իրար հետ հաղթահարենք եւ ուսուցիչներին ասեք, որ իրենք առաքելություն ունեն ապագա սերունդ կրթելու, ոչ թե ինչ-որ մեկի հետեւից գնալու։ Ձեր իրավունքները խաթարված են, ո՞վ է ասել, որ ես ձեր իրավունքների պաշտպանը չեմ, եւ եկել եմ հաշվեհարդար տեսնելու։ Ձեզ հետ եմ մինչեւ վերջ»,- ասաց տնօրենը։

Աշակերտներից մեկը նկատեց, թե իրենց աչքի առաջ տնօրենը ուսուցիչների իրավունքներն է ոտնահարում, իսկ դասադուլ անելն էլ իրենց իրավունքն է։

«Բոլորդ իրավունքներից եք խոսում, բայց որեւէ մեկը չգիտի իր պարտականությունների մասին, դրա մասին խոսեք»,- ի պատասխան ասաց նորանշանակ տնօրենը։

Հիշեցնենք, որ Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ են անում դպրոցում փետրվարի 3–ից՝ բողոքելով նոր տնօրենի նշանակման դեմ, որը, նրանց խոսքով, շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է եւ նրա հովանավորությամբ է Քարմիլե Առաքելյանը նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը եւ աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.