Բուհերի խոշորացումը սխալ հիպոթեզ է․ «ֆոկուս» անելով արդյունքի չեն հասնում

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ, որում մասնավորապես ասվում էր․ «Պետական բուհերի 40, իսկ մասնավորների՝ 90 տոկոս տեղերը թափուր են մնացել, այս ոլորտում գնալու ենք բուհերի խոշորացման ճանապարհով՝ ունենալով 8 կոնսոլիդացված բուհ»։ Այս հայտարարության մասին «Առաջին լրատվական»-ը խոսել է կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանի հետ, որի փոխացմամբ՝ այս ծրագիրը չի օգնելու լուծել առկա խնդիրները, որովհետև այդտեղ միտում չկա խնդրի լուծման։ Երբ տեսնում ենք, որ ունենք մի քանի չաշխատող համակարգ և որոշում ենք դրանք խոշորացնել՝ կրճատելով կառույցների թվերը, հույս ունենալով, որ այն կաշխատի, վատ հիպոթեզ է։ Դա կարող է նպաստել ռեսուրսների խնայողությանը, գեղեցիկ կառուցապատմանը, որոշ անիմաստ նպատակների համար վերաօգտագործմանը, սակայն բուն խնդիրը լուծել չի՛ կարող։ Բուն խնդիրը կարող է լուծվել միայն այն ժամանակ, երբ հասկանանք, թե ինչը չի աշխատում տվյալ համակարգում, որից հետո իդենտիֆիկացնել չաշխատող մասերն ու մշակել համապատասխան լուծման տարբերակներ։ Սխալ է բուհերի խոշորացման հիպոթեզը․ դա շատ պարզունակ և անտրամաբանական մոտեցում է, քանի որ դրա պատճառով մենք կորցնում ենք նաև ռեսուրսներ։ Դուրս է գալիս, որ մենք դա բարելավվելու, բուժելու փոխարեն միանգամից ոչնչացնում ենք։ Պետք է հասկանալ ոլորտում առկա թերությունները, խնդիրները, աշխատել դրանց կարգավորման և որակի բարձրացման վրա, ոչ թե այն, ինչը ենթակա է, այպես կոչված, վերակառուցման, քանդել հիմնովի։

Ըստ կրթության փորձագետի՝ բուհերում առկա թափուր տեղը, միանգամայն, պայմանավորված են կրթության վատ որակով։ Արդեն տասնամյակներ է,  ներառյալ հեղափոխական տարիները, ինչ համալսարանական կրթությունը փուլային կերպով գնացել է դեգրադացման՝ օգտագործելով սովետական կրթության մի շարք անիմաստ ռեֆորմներ։ Այս սխալները գալիս են հիմնականում մեր կառավարության անփորձությունից։ Նրանք կարծում են, որ կարող են մի «ֆոկուս» անել և ամեն բան դրանով կկարգավորվի, սակայն չեն հասկանում, որ նման բան հնարավոր չէ։ Մեծ համակարգերը պահանջում են երկարաժամկետ աշխատանքներ և ներդրումներ, որպեսզի կարողանան փոփոխվել, և եթե անգամ այդ պարագայում հնարավոր չլինի հասնել որոշակի արդյունքների, այդ ընթացքում հնարավոր է մշակել նոր արդյունավետ գործելակերպ, ավելի լավ հասկանալ խնդիրներն ու բացահայտել դրանց արմատները, որն էլ շանս կտա՝ հաջորդիվ հաջողելու։ Արագ տեմպերով հնարավոր չէ որևէ պրոդուկտիվ քայլ անել։ Մենք ներկա դրությամբ գործ ունենք բարդագույն խնդրի հետ, որը միայն հայկական չէ, այլ՝ համաշխարհային, քանի որ համաշխարհային կրթական համակարգը ևս կանգնած է լուրջ խնդիրների առաջ։ Այս ամենին լուծում պետք է տրվի ու դա արվի առանց «ֆոկուս»-ի, իսկ դրան հնարավոր է հասնել երկարաժամկետ, տքնաջան աշխատանքի շնորհիվ։

«Խնդիրը նրանում է, որ եթե կորցնենք այս համակարգի զգալի մասը՝ հետո ոչինչ չի մնա վերականգնելու։ Վատ աշխատող բուհին վերաստեղծելն ավելի հեշտ է, չնայած նրան, որ կպահանջի տիտանական աշխատանք, քան դա նորից ստեղծելը հիմնովի քանդելուց հետո։ Յուրաքանչյուր բուհ ձևավորվել է հստակ կարիքի հիման վրա և եթե հերթական անգամ սա կամ մնացածը ջնջենք, դեն նետենք՝ ոչնչի չենք հասնի։ Ինչպես տեսնում ենք, մեր Կառավարությունը դեռ միայն քանդելուց է լավ»,- ասում է Թադևոսյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am