Այո, ես հայտարարել եմ, որ ժողովուրդն իրավունք ունի ապստամբության եւ շատ երկրներում դա տեղի է ունեցել. ապստամբությունները չեն պատրաստում, դժգոհ ժողովուրդն ապստամբում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ես իմ կողմից միշտ կխրախուսեմ ապստամբությունը: Ցանկացած միջոց, որը ֆիզիկական միջոցների չի դիմում մարդկանց նկատմամբ, բայց նպաստում է իշխանության հեռացմանը, ես կխրախուսեմ: Մենք մեր պատմության մեջ երբեք այսպիսի վիճակ չենք ունեցել, երբ երկրի ղեկավարն այսպիսի ցինիկ ձեւով երկիրը ոչնչացնում ու ծախում է»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյոք ապստամբությամբ իշխանություն փոխելն ավելի վտանգավոր չէ երկրի համար, որ չհամաձայնեցիք արտահերթ ընտրությունների գնալու տարբերակին, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Պետության համար չկա ավելի վտանգավոր տարբերակ, քան Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելը.մնացած բոլոր տարբերակները շատ ավելի մեղմ են»: