Սուրբ Հովհաննես մատուռ, Ղալթախչու Սուրբ Հովհաննես, Հայ առաքելական եկեղեցու մատուռ Հայաստանի Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակայքում, Փամբակի լեռնաշղթայի Սրբի լեռան դժվարամատչելի բարձունքի վրա։
Ըստ ավանդության այստեղ ամփոփված է Հովհաննես Մկրտչի մասունքներից, որը այստեղ է բերվել 13-րդ դարում։ Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է 2157 մետր բարձրության վրա՝ Սրբի լեռան գագաթին։
Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել գյուղացիների ջանքերով։
Վերջին անգամ վերաշինվել է 1958 թվականին։ Սրբավայրը Արևելյան Հայաստանի յոթ հայտնի ուխտավայրերից է։
Ուխտդ ի կատար. այս արտահայտությունն է առաջինը լսում Հարթագյուղ մտնող յուրաքանչյուր ուխտավոր, ում գյուղի մանկիկները ճանապարհին դիմավորում են մոմի փոքրիկ տրցակները ձեռքներին ամուր բռնած:
Մինչ ներս մտնելն անթիվ, անհամար խաչքարերն աչք են ծակում: Խաչքարերից յուրաքանչյուրը մի պատմություն ունի:
Մատուռի մասին պտտվող լեգենդներն ու պատմվող պատմություններն օր օրի ավելանում ու ձնագնդիկի էֆեկտով մեծանում են:
Սրբի հրաշագործ ուժի, իրականացված նպատակների, բուժված հիվանդների ու հղիացած կանանց մասին պատմությունները շատ են:
Մարդկանց հոսքը մատուռ չի դադարում, գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից:
Տեղացիները վստահեցնում են՝ եթե հավատքով են գալիս, երազանքներն ու ցանկություններն իրականանում են:
Ասում են՝ սրբատեղի այցելած հավատացյալները, որոնց երազանքները կատարվել են, որպես շնորհակալություն, մի խաչքար են կանգնեցրել՝ սկսած 2005թ-ից: