«Դատարաններով ֆռալուա, որ զոհերի մեղավորն եմ ու վերջում ինչի եմ հասնելու...». Գևորգ Պետրոսյան

Խորհրդարանում քննարկվում է Ալեն Սիմոնյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վիրավորանքի համար սահմանել 5 մլն դրամի փոխհատուցում՝ 1 մլն դրամի փոխարեն, իսկ զրպարտության դեպքում, 2 մլն դրամի փոխարեն, 10 մլն դրամի փոխհատուցում: Ի դեպ, մինչև 2010թ-ը վիրավորանքի և զրպարտության համար քրեական պատասխանատվություն է սահմանված եղել:

Հարցի շուրջ ելույթ ունենալով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն ասել է.

«Ես չեմ ընդունում էս հարցում տարբերակումը, որ եթե աղքատ է, ապա պիտի քիչ տուգանվի: Եթե աղքատը մեկին ասում է՝ անբարոյականի վաստակ, միջին ապրողն ասում է՝ ավանակի զուգընկեր, մի շատ հարուստ էլ ասում է՝ հայրենիքի դավաճան, այսինքն՝ նշանակում է, կապ չունի, թե ինչ է վիրավորել, նյութական վիճակը հաշվի առնելով՝ նշանակել սանկցիա, սա ի՞նչ նախագիծ է, անհարմար չե՞ք զգում սրա համար: Ես կողմ եմ, որ վիրավորանքն էլ, զրպարտությունն էլ քրեականացվի։ Էն օրը մի երկոտանի նամակ է գրել՝ սաղ զոհերի մեղավորը դու ես, հիմա ես որ տանեմ դատի տամ, ամիսներով ընկնելու եմ դատարանների դռները, այսինքն՝ 3-4 տարի պիտի դատարաններով ֆռռա, որ Պետրոսյան Գևորգն Արցախի զոհերի մեղավորն է, ու ինչի՞ պիտի հասնեմ, որ վիրավորողը 50 հազար տուգանվի՞, մենք որևէ արգելք չունենք վերադառնալ նախկին մոտեցմանը, որ և՛ վիրավորանքը, և՛ զրպարտությունը քրեականացվեն, որպեսզի ամեն մի զրպարտիչ և վիրավորող արդարացի պատժի արժանանա»։

 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.