Այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց. «Հայաստանում բացվել է Ռուսաստանին ճորտատիրական ծառայությունների մատուցման նոր համերգաշրջանը:
Հայաստանի և Ռուսաստանի խորը ինտեգրացիայի մասին են խոսում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը և բոլոր նրանք, ովքեր տարիներ ի վեր բացառապես զբաղված են եղել Հայաստանի անկախությունն ու արժանապատվությունը ծախելով»:
Նրա խոսքով` անցյալ շաբաթ տեղի ունեցած հավաքը Հայաստանի պետականության կազմաքանդման, սահմանադրական կարգի տապալման միջոցառում էր. «Ո՞ւր է մեր ԱԱԾ-ն, ո՞ւր է իշխանության արձագանքը:
Ամաչելու պես բան է ապրել այս ստորաքարշների հետ նույն երկնքի տակ, միևնույն հասարակության մեջ, որտեղ դեռ հերոսների արյունը չչորացած` ջրի երես է դուրս եկել անհայրենիքությունը: Հիմա էլ նոր թրենդ է. տարբեր քաղաքական գործիչներ Ռուսաստանի տոմս են առնում, գնում են Չիտա, Սիկտիվկար ու գալիս ժողովրդին խաբում ասում են, թե Կրեմլ են գնացել ու «դաբրո» են բերել: Մեզ մի տոմս պետք է հետաքրքրի, դա մեր երազանքի տոմսն է դեպի Հայաստան»:
Պատգաամվորը տեղի ունեցածը պատահական չի համարում. «Կեղտի տակից դուրս են եկել բոլոր նրանք, որոնց համար 22 տարի առաջ հոկտեմբերի 27-ին կատարվածը հնարավորություն էր. թիրախը մեր պետականությունն ու ինքնիշխանությունն է: Ու այս մարդակերները չգիտեն, որ մենք այլևս նախկինը չենք. մեզ սպանելով գուցե թե հնարավոր է թուլացնել, խեղճացնել մեզ, բայց սպանել Հայաստանի արժանապատվությունը հնարավոր չէ, սպանել Հայաստանի պետականությունը անկարելի է»: