Ընկերներով իրար չլքեցին ու միասին զոհվեցին. հերոսի հայրը «չփրկեց» նրան. տեսանյութ

«Պապ, գիտեմ որ դժվար է, ես կգնամ էնտեղ ուր կպատահի, իմ ձեռքով կքաշեմ թուղթը ու հանգիստ խղճով կգնամ ծառայության …»,- զորակոչվելուց առաջ հորն ասել է հերոս Անդրանիկ Զոհրաբյանը:

Անդրանիկը տեսողության հետ կապված խնդիր ուներ, բայց հայրն ու ինքը դա չօգտագործեցին:

Հայրը դեռ ուշքի չի գալիս, բայց հպարտ է ու գիտի, որ Անդրանիկը ներկա է ու նրա մասին չի կարելի անցյալ ժամանակով խոսել:

«Հակասական զգացումներ ունեմ, բայց մի բան կասեմ երախտապարտ եմ որդուս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անդրանիկ Զոհրաբյանի հայրը` Ատոմ Զոհրաբյանը:

«Արեցին այն, ինչ պիտի անեին: Ընկերներով իրար չլքեցին ու միասին զոհվեցին: Կռիվ տվեցին այն հողի համար, որի վրա կանգնած են: Անդրանիկը զոհվեց ընկերների ` Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի հետ ու իրենց կյանքով նոր սերնդի ապագան ապահովեցին»,-ասաց Ատոմ Զոհրաբյանը:

Անդրանիկ Զոհրաբյանը կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած փոքրաթիվ վաշտի զինվորներից էր, զոհվեց ապրիլյան պատերազմի ամենաուժեղ մարտերից մեկի ժամանակ, Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքերը անձնվիրաբար պաշտպանելիս`Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի ու Քյարամ Սլոյանի հետ նույն խրամատում: Ուրֆանյանի ղեկավարած վաշտի փոքրաթիվ զինվորները ռազմական

գործողությունների առաջին գիշերը մի քանի անգամ հետ էին շպրտել հակառակորդի՝ իրենց գերազանցող ուժերին՝ անհավասար մարտում ցուցաբերելով բացառիկ մարտունակություն եւ հերոսություն: Հակառակորդի առաջին գրոհը տղաները հաջողությամբ հետ էին մղել, ապա շարքից հանել էին հակառակորդի մեկ տանկ եւ տապալել գրոհի երկրորդ փորձը: Ամբողջ ընթացքում վաշտը կռվել է հակառակորդի ինտենսիվ հրետակոծության տակ՝ ոչ մի քայլ չնահանջելով: Երբ հակառակորդը դիտակետերը շրջանցելով՝ ներթափանցել է դիրք, Ռոբերտ Աբաջյանը վիրավորվել է, մի կերպ վիրավորված Անդրանիկ Զոհրաբյանին իր հետ

տանելով՝ նահանջել է մինչեւ վերջին խրամախորշ, որտեղից կապ է հաստատել գումարտակի հրամանատարի հետ, զեկուցել իրավիճակի մասին, շարունակել են կրակել մինչեւ իրենց մոտ եղած վերջին փամփուշտը: Իսկ երբ հակառակորդը մոտեցել է, դուրս է եկել, պարզել իր մոտ մնացած միակ նռնակը՝ իբր ուզում է հանձնվել, ապա պայթեցրել է իրեն ու հակառակորդի մի քանի զինվորների:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ henaran.am