Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլահ Արիպովը, հեռահար կարգով՝ Կուբայի Հանրապետության վարչապետ Մանուել Կրուսը և Մոլդովայի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Աուրելի Չոկոն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Համատեղ արարողակարգային լուսանկարահանումից հետո տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նախ նեղ, ապա ընդլայնված կազմով։
Ընդլայնված կազմով հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ
Նիստի հարգելի մասնակիցներ
Թույլ տվեք ելույթս սկսել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Ուզակպաևիին ուղղված շնորհակալական խոսքով՝ հրավերի և այսօրվա նիստի կազմակերպման համար:
Օգտվելով առիթից, ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Ասկար Ուզակպաևիին՝ Նախարարների կաբինետի ղեկավարի լիազորությունների վերահաստատման կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը հետայսու ևս կնպաստի մեր երկրների հարաբերությունների զարգացմանը, իսկ բազմակողմ ձևաչափով` համաձայնեցված որոշումների մշակմանն ու իրականացմանը, որոնք այդ թվում միտված կլինեն նաև Եվրասիական միության ներուժի զարգացմանը:
Նաև ցանկանում եմ շնորհավորել Ուլուկբեկ Ասամիդինի Մարիպովին՝ Ղրղզստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության մեջ:
Սրտանց ողջունում եմ դիտորդի կարգավիճակով մասնակցող երկրների՝ Ուզբեկստանի, Մոլդովայի և Կուբայի Հանրապետությունների ներկայացուցիչներին: Ձեր մասնակցությունը ևս մեկ անգամ հաստատում է մեր կազմակերպության աճող միջազգային նշանակությունը: Եվ սա ևս մեկ լավ առիթ է` հերթական անգամ վերահաստատելու դիտորդ պետությունների հետ համագործակցելու մեր պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի և նախագծերի շրջանակում:
Հարգելի գործընկերներ
Անցած ժամանակահատվածի գլխավոր արդյունքների շարքում ես կառանձնացնեի Միության՝ մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարության վերջնական հաստատումը: Հուսով ենք, որ ընթացիկ տարին արգասաբեր կլինի ինտեգրացիայի զարգացման՝ փաստաթղթում արտացոլված ուղղությունների հետագա իրագործման տեսանկյունից: Այս առումով կցանկանայի ընդգծել այն միջոցառումների կարևորությունը, որոնք ուղղված են բարձր և, մասնավորապես, թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հետագա զարգացմանը:
Հայաստանն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է Միության Թվային օրակարգի ստեղծման և իրագործման գործընթացին: Մենք ողջունում ենք այսօրվա նիստի շրջանակում Թվային համաժողովի անցկացումը, որին ես սիրով մասնակցեցի: Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը կարևոր ներդրում կունենա մեր երկրների միջև՝ բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության առաջնահերթ ուղղությունները և արդյունավետ գործիքակազմը որոշելու հարցում:
Այս թեմայի համատեքստում գոհունակությամբ կցանկանայի նշել «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածի փորձնական ծրագրի հաջող մեկնարկը: Փետրվարի 1-ին մեկնարկած այս նախագիծը թույլ տվեց մեզ գտնել փոխընդունելի լուծումներ Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ, ինչը բավական կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն ունի մեր երկրի համար: Ակնհայտ է, որ այս նախագիծը կարևոր է նաև կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկը նվազեցնելու տեսանկյունից և կարևոր տեղ է գրավում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շարքում:
Հարգելի գործընկերներ
Նիստի քննարկմանն առաջարկված հարցերի առնչությամբ կցանկանայի կանգ առնել հետևյալ թեմաների վրա:
Անկասկած, ԵԱՏՄ-ում հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործումը կարող է արդյունավետ գործարկվել՝ հայրենական արտադրողներին երրորդ երկրներից աճող ներմուծման կամ անբարեխիղճ մրցակցության բացասական ազդեցությունից պաշտպանելու համար: Այստեղ կարևոր են ինչպես միասնական մոտեցումը, այնպես էլ վերջնարդյունքը, որը դրսևորվում է Միության պետությունների ապրանքների՝ երրորդ երկրների ապրանքների հետ մրցունակության մեջ:
Հայկական կողմը պատրաստ է ինտեգրացիոն գծով գործընկերների հետ սերտ համագործակցության` նշված միջոցների կիրառման համար ընդհանուր մոտեցում մշակելու նպատակով:
Միության ներքին շուկայի պաշտպանությանն ուղղված մեխանիզմների համատեքստում նաև հարկ է դիտարկել գործող միջազգային պայմանագրերին համապատասխան, ԵԱՏՄ տարածքում արձագանքման միջոցառումների մեխանիզմի մշակման և ներդրման հնարավորությունը:
Մենք մեծապես կարևորում ենք այն գնահատականները և եզրակացությունները, որոնք ներկայացված են «ԵԱՏՄ անդամ երկրներում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովման առաջարկների մասին» զեկույցում: Վստահ եմ, որ դրանք օգտակար են մեր երկրների ֆինանսատնտեսական իրավիճակը վերլուծելու և դրա շարժի ուղղությունները կանխատեսելու տեսանկյունից:
Եվ, վերջիվերջո, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն կառուցողական մոտեցման համար, որ ԵԱՏՄ երկրների կողմից ցուցաբերվեց սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը վերանայելու Հայաստանի նախաձեռնությանը: Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ զարգացող և նվազ զարգացած երկրներից ապրանքներին ու ծառայություններին սակագնային արտոնությունների տրամադրման հարցն արդեն ընդգրկվել է մեր կազմակերպության օրակարգում և մոտ ապագայում համապատասխան լուծում կստանա՝ մեր ընդունած չափորոշիչների հիման վրա:
Ամփոփելով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու ԵԱՏՄ-ում առաջնահերթ ծրագրերի իրականացման ուղղությամբ, որոնք նախանշված են Ղազախստանի նախագահության շրջանակում և միտված են եվրասիական ինտեգրման առաջմղմանը ու Միության զարգացմանը։
Շնորհակալություն ուշադրության համար»:
ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերը քննարկել են նիստի օրակարգի մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է եղել Միության ներքին շուկաների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, ԵԱՏՄ մաքսային տարածքում արձագանքման միջոցների կիրառման հարցերին։ Հաստատվել է ԵԱՏՄ անդամ երկրներում ցեղային անասնաբուծության ոլորտում սելեկցիոն աշխատանքի վերլուծության և համակարգման կարգը։
Կառավարությունների ղեկավարներին է ներկայացվել ԵԱՏՄ անդամ երկրներում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովման առաջարկների մասին» զեկույցը։ Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։