ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների և Արարատի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ Շահումյան գյուղի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ մտել է Շահումյան գյուղի տներից մեկը, կպչուն ժապավենով կապել թոշակառու կնոջ ձեռքերն ու ոտքերը, ապա ննջարանից հափշտակել փող ու ոսկեղեն։ «Արմենիապրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Հունվարի լույս 27-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Նախնական տվյալներով՝ դիմակավորված անձը մտել էր Շահումյան գյուղի տներից մեկը, կպչուն ժապավենով կապել թոշակառու կնոջ ձեռքերն ու ոտքերը, ապա ննջարանից հափշտակել փող ու ոսկեղեն։ Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Արտաշատի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ՝ համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ։ Հետևողական ու ճշգրիտ օպերատիվ աշխատանքի, ինչպես և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին ծանր հանցագործությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ։
Հայտնի էր դարձել, որ ավազակությունը կատարել է հենց Շահումյան գյուղի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ, որը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին։ Նա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին, տվել խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Հունվարի 29-ին երիտասարդին մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: