Գնացեք «Արմենիա» ավիաընկերության գլխամասային գրասենյակ, եւ անվճար փոփոխություն կկատարվի: Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում ասաց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ, որոնք այսօր պետք է մեկնեն Մոսկվա, բողոքում են, որ կորոնավիրուսի բացասական թեստի առկայությամբ անգամ չեն կարողանում մեկնել, քանի որ խնդիրներ են առաջացել կորոնավիրուսի բացասական թեստի առկայությունը հաստատող կոդը ներկայացնելու առումով։
Նրա խոսքով՝ այն լաբորատորիայում, որտեղ որ քաղաքացիները թեստավորվել են, պիտի զգուշացնի, որ ճանապարհորդելու համար իր թեստն այդ ծրագրում չկա:
«Դուք գնացել եք, թեստը հանձնել եք, որը ծրագիրը չի ընդունում: Մեր ավիաընկերությունը պարտավոր չէ ձեր տոմսն անվճար փոխել, բայց քանի որ շատ եք, ու խնդիր կա, ավիաընկերությունն այդ խնդրի պատասխանատվությունը կվերցնի իր վրա՝ միայն առաջին չվերթի համար, որպեսզի դուք որեւէ ֆինանսական կորուստ չունենաք»,- ասաց Գեւորգ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ այսօր ՌԴ մեկնող 260 ուղեւորների միայն 7-8 տոկոսն է իրազեկված եղել, համապատասխանել են չափանիշներին ու մեկնել են, իսկ 93 տոկոսը չեն համապատասխանել ու չեն մեկնել:
«Մեր մյուս ուղեւորներին ուզում ենք զգուշացնել, որ սա նախադեպ է, եւ միայն այս չվերթի համար անվճար կփոխենք տոմսերը, խնդրում եմ սովորություն չսարքել եւ չփորձել պահանջել ավիաընկերությունից, թե ինչի չկարողացան մեկնել»,- ասաց Գեւորգ Խաչատրյանը:
Դիտարկմանը, թե տոմսերն ինչու են թանկացել, փոխտնօրենը պատասխանեց, որ չեն թանկացել, պարզապես պահանջարկը հաշվի առնելով՝ ավելի էժան տոմսերը վաղուց սպառվել են:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվել է փետրվարի 1-ից՝ մեկ ամսով։
Փետրվարի 1-ին Հայաստանից դեպի Մոսկվա 4 չվերթ կիրականացվի: «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 1-ին դեպի Մոսկվա չվերթներ են իրականացնելու «Armenia», «Aeroflot» եւ «Red Wings» ավիաընկերությունները: