Շուշիից ԿԲ գումարները չեն անհետացել

fip.am-ը հայտնում է, որ  44-օրյա պատերազմի ավարտից հետո մամուլում ժամանակ առ ժամանակ տարբեր տեսություններ շրջանառվեցին Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ Շուշիի գրավման օրը քաղաքում լինելու նպատակների վերաբերյալ:

Դրանցից ամենաշատը քննարկվեց Mediaport տելեգրամյան ալիքի տարածած տեղեկությունը, թե Շուշի թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ Արգիշտի Քյարամյանն ինկասացիայի մեքենայով լքել է քաղաքը:

«Ադրբեջանական առաջին փոքրաթիվ դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ՝ նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան, Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ Արցախում իր պարտականություններն ամբողջությամբ կատարված են, և նստելով Ինկասացիայի մեքենան, հեռացել է Շուշիից»,- գրել էր ալիքը դեկտեմբերի 5-ին։

Mediaport-ի նյութը տարածեցին բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում՝ Hraparak.am-ը, 24news.am-ը, lragir.am-ը, pastinfo.am-ը, yerkirmedia.am-ը, hayeli.am-ը, 168.am-ը և այլ կայքեր:

Մեկ ամիս անց նույն դեպքերին 168.am-ի եթերում անդրադարձավ նաև «Հայրենիք» կուսակցության անդամ Լևոն Մնացականյանը: «Նա Արցախը լքել է ինկասացիայի մեքենաներով, և ոչ մեկին մինչև հիմա պարզ չէ՝ որտեղ են անհետացել ԿԲ գումարները, որոնք պահվում էին Շուշիում»,- շեշտել է Մնացականյանը։

Նրա հարցազրույցի այս մանրամասները տարածվել են մի շարք կայքերում, այդ թվում՝ news.am-ում և politik.am-ում:

Շուշիում տեղի ունեցած դեպքերին և դրանց շուրջ տարածվող տեղեկություններին այժմ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արգիշտի Քյարամյանն անդրադարձավ հունվարի 13-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ:

Մասնավորապես, հարցազրուցավարի դիտարկմանը, որ մամուլում գրվեց Քյարամյանի՝ Շուշիից ինկասացիայի մեքենայով ոսկի ու գումար հանելու մասին, ԱԱԾ նախկին տնօրենը նշեց, որ դա չի համապատասխանում իրականությանը։

«Ես Շուշիից միայնակ դուրս չեմ եկել: Ես Շուշիից դուրս եմ եկել շուրջ մեկ տասնյակ անձանց հետ, որոնց թվում եղել են գնդապետներ, եղել է նույն Սեյրան Օհանյանը, որի հետ նույն մեքենայով ենք դուրս եկել: Ոչ թե ինկասացիայի մեքենայով ենք դուրս եկել, այլ դուրս ենք եկել ՄՈԲ-ով՝ այնտեղ գտնվող, և մի գնդապետի սպասարկող ոսկեգույն Նիսանով»,- ասաց Քյարամյանը՝ հավելելով, որ փողերի ու ոսկիների փոխարեն մեքենայի բեռնախցիկում եղել են քարտեզներ, ռացիաներ ու զինամթերք։

Հարցազրույցից օրեր անց՝ հունվարի 19-ին, Քյարամյանի խոսքերը հաստատեց նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում: Շուշիում մենք իրար հետ ենք եղել, ինքը աջակցել է հրամանատարին, ես էլ եմ աջակցել: Դեռ ավելին՝ հրամանատարի խնդրանքով կամ իմ հորդորով, այս կամ այն հատվածում ինքն ինքնակամ հանդերձավորվել և գնացել համապատասխան աշխատանքներ է կատարել ջոկատների տեղաբաշխման, խնդիրների առաջադրման, ինժեներական աշխատանքների»,- ասաց նա:

Օհանյանի խոսքով՝ նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան ժամը 5։30-ին ինքն ու Քյարամյանը միասին նույն մեքենայով են դուրս եկել: Նոյեմբերի 7-ին ԱԱԾ նախկին տնօրենն Օհանյանի մեքենայով եկել է Երևան:

Հիշեցնենք, որ Օհանյանն ու Քյարամյանը ներկայում փաստացի «հակադիր ճամբարներում են»։ Օհանյանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանությունների հրաժարականը, Քյարամյանն էլ վերջերս՝ դեկտեմբերի 24-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Ինչ վերաբերում է «Հայրենիք» կուսակցության անդամ Լևոն Մնացականյանի մատնանշած՝ Շուշիից «անհետացած» ԿԲ գումարներին, ապա դրանց վերաբերյալ FIP.am-ը հարցում ուղարկեց Կենտրոնական բանկ: ԿԲ-ից հերքեցին որևէ գումարի կորուստը Շուշիում: «ՀՀ կենտրոնական բանկի «Սյունիք» տարածքային դրամարկղային կենտրոնում (ք. Շուշի) առկա կանխիկ դրամը, «Դրամագետ-1» վաճառասրահի պահոցի արժեքները, «Դրամի թանգարանի» ՀՀ կենտրոնական բանկի թողարկած թանկարժեք մետաղադրամներից պատրաստված դրամագիտական արժեքները (հուշադրամները) ամբողջությամբ տեղափոխվել են ՀՀ կենտրոնական բանկի Երևանի դրամարկղային հանգույց»,- նշված է պատասխան նամակում։

Այսպիսով, մամուլում հայտնված պնդումները, թե Քյարամյանը Շուշիից հեռացել է ինկասացիայի մեքենայով՝ իր հետ տանելով գումարներ, որևէ հիմնավորում չունեն: Ավելին՝ Սեյրան Օհանյանը, որը ներկայիս իշխանությունների դեմ է արտահայտվում, հաստատել է ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.