Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը Ֆեյսբուքի իր էջում պարզաբանում է ներկայացրել՝ կապված ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական գործի հետ: Նա մասնավորապես գրել է.
«Ի պատասխան լրագրողների հարցումների
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրույն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,- գրել է Եգանյանը:
Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հոկտեմբերի 27-ին գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Հաղորդվել էր նաև, որ Ջալալ Հարությունյանը վիրավոր է, և նրա պաշտոնանկությունն այդ հանգամանքով է պայմանավորված։ Նրան փոխարինել էր Միքայել Արզումանյանը: Այդ ժամանակ նշվել էր, թե Ջալալ Հարությունյանը վիրավորվել է մարտական դիրքում, չնայած ադրբեջանական կողմում չէին դադարում տեսանյութեր հրապարակվել այն մասին, թե իրենք պայթեցրել են Հարությունյանի ավտոմեքենան: Եվ մեկուկես ամիս հիվանդանոցում բուժվելուց հետո 2020 թվականի դեկտեմբերի 4-ին, Հարությունյանը դուրս էր գրվել հիվանդանոցից՝ մնալով բժիշկների հսկողության տակ:
Լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն, Ջալալ Հարությունյանը պնդել է, թե իր տեղաշարժի կոորդինատները, թե ինքն ուր ու ինչ մեքենայով է տեղաշարժվում, ադրբեջանցիներն ինքնուրույն չէին կարող իմանալ։ Վարկածներից մեկի համաձայն, եղել է Ջալալ Հարությունյանի տեղաշարժի ուղղության արտահոսք, ինչի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հեշտությամբ տեղորոշել են ՊԲ հրամանատարի գտնվելու վայրը։ Հավելենք, որ թիվ 1 կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 34-րդ (Հանցափորձ), 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով (Սպանությունը՝ երկու կամ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով):
Նախաքննությունը շարունակվում է եւ այս պահին դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա:
Մանրամասները՝ տեսանյութում