Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը գրել է.
Այս սա ուրիշ բան։ Հիմա արժե համեմատել պլակատի վրա գրվածը, որը վերաբերում է «հակամարտության ռազմական փուլից առաջ՝ մինչև 91-92թթ․ բերդաքաղաքի բնակչության կազմին» ու իր հարցի մեջ առկա ձևակերպումը՝ «Շուշին ադրբեջանական քաղաք է»։
Տեսնես՝ գոնե գրելուց նկատե՞լ է, որ ինքն իրեն հերքում է․․․
Հիշեցնենք՝ երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Yerkir.am-ի լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Շուշին ադրբեջանական է:
«Դու՞ք էիք այդ հարցը տալիս։ Ո՞վ էր հարցը տալիս, որ Շուշին ադրբեջանական է։ Իմ մեջբերումն անձամբ թղթի վրա կբերեք, որ ես դա հայտարարել եմ և ուղիղ եթերում կպատասխանեմ», — նախօրեին ասել էր Նիկոլ Փաշինյանն ու հեռացել՝ լրագրողի հարցն անպատասխան թողնելով:
Վարչապետն ասել էր, որ երբ իր դրած պայմանը կկատարեն, այդ ժամանակ ուղիղ եթերում կպատասխանի հարցերին։
Այսօր լրագրող Լիանա Սարգսյանը կառավարության դիմաց գրությամբ պաստառ է բերել, որտեղ մեջբերված է վարչապետի խոսքը Շուշիի մասին։
«Սպասում ենք վարչապետի պատասխանին՝ ուղիղ եթերում» , — ասաց լրագրողը։
Լրագրողի ակցիային զուգահետ կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում այլ քաղաքացիներ. նրանց կողքին կային նաև Նիկոլ Փաշինյանի աջակիցներ, որոնցից մեկը լրագրողի ձեռքից խլեց պաստառը, պատռեց այն։
«Ես այդ հարցադրումը նորից կարող եմ անել՝ ցանկացած պատեհ առիթի դեպքում։ ՀՀ քաղաքացին, ի վերջո, պետք է հասկանա՝ մեր վարչապետը Շուշին համարում է հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական», — ասաց լրագրողը։