«Զինվորների վիրավորվելու կամ զոհվելու տարբեր պատճառներ են լինում․ դրանցից գրեթե կեսը՝ նրանց անզգույշ պահվածքն է, որը գալիս է արխային լինելուց, այսինքն՝ երբ որ ոչ մի բան չի պատահում, սկսում են անփույթ վերաբերել իրենց կյանքին․ եթե երկար ժամանակ հակառակորդը չի կրակում, մերոնք սկսում են բացահայտ գնալ-գալ թուրքի դիտակետի առջևով, կամ գնում-գալիս են ականապատ դաշտով ինչ-որ կարևոր գործ անելու՝ արխայնանում են և այլն․ կարճ ասած՝ դա զինվորների անփորձ լինելուց է, իհարկե, ինչպես նաև նորմալ ուսում չստանալու արդյունք է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը՝ անդրադառնալով օրերս ականի պայթյունի հետևանքով զոհված երեք զինծառայողների մահվան մասին լուրին։
Սրանից զատ, սակայն, Վովա Վարդանովը մեկ այլ հանգամանք ևս առանձնացրեց․
«Ապրիլյան թեժացման ժամանակ թուրքերն անխափան, մեծաթիվ խմբով եկան մտան մեր թիկունք և ճակատային ականապատ դաշտերով նրանք զգուշորեն անցան, իսկ հետո ճակատային մասում բացահայտ հարձակում եղավ մեր դիրքերի վրա ու նրանցից գրեթե ոչ մեկ ականապատ դաշտերում չսպանվեց։ Դա վկայում է այն մասին, որ ինժեներական աշխատանքներ էին արվել, ականազերծման աշխատանքներ էին տարվել։ Նման աշխատանքներ մենք էլ ենք անում, այդ ականազերված տարածքները մենք էլ ենք փորձում ականապատել և այլն․ մի խոսքով՝ այս դեպքերը ցուցանիշ են այն բանի, որ մենք սկսել ենք գոնե մի քիչ ակտիվ լինել։ Լավ կլիներ, որ նման դեպքեր չլիներ, բայց դա վկայում է այն մասին, որ մենք սկսել ենք գիտակցել, որ պետք է զուտ դիտակետում պահակի գործ անելուց բացի, ուրիշ աշխատանքներ էլ տանենք»։
Անդրադառնալով նաև Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժություններին, հետախույզն ընդգծեց, որ դա մշտական գործընթաց է, որը նման է քննություն հանձնելուն։ Նրա խոսքերով՝ անգամ պատերազմի սպառնալիք չունեցող երկրներն են մշտապես զորավարժություններ անցկացնում։ Սակայն, ըստ հետախույզի, այստեղ ուշագրավն այն էր, որ զորավարժություններում ադրբեջանական զորախմբերի ներգրավվածության մասշտաբներն են աճել․
«Աննախադե՞պ էր նման զորախաղերը հիմա՝ չեմ կարծում այդպես, բայց ակնառու էր, որ մեծ զորքերի հրամանատարական կազմ մասնակցեց, որը, ես, գոնե վերջին երկու տարվա մեջ, չեմ հիշում, որ նման բան եղած լիներ, որ բոլոր բանակային կորպուսները և նույնիսկ նախիջևանյան նախկին 5-րդ կորպուսը նույնպես ներգրավված լիներ։ Սա խոսում է այն
մասին, որ իրենք պատրաստվում են լայնամասշտաբ գործողությունների, ընդ որում՝ ոչ միայն Արցախը մեզանից խլելու համար, այլև կռվի դաշտում Հայաստանը ռազմական ուժի օգնությամբ ոչնչացնելու համար»,- ասաց Վովա Վարդանովը։
Այս համատեքստում վերջինիս հետ զրույցում անդրադարձանք նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ օրերս Բաքու, այնուհետև Երևան կատարած պաշտոնական այցին ու ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ընթացող բանակցություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am