Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Քաշաթաղի շրջանի բնակիչները, որոնք պատերազմի հետևանքով զրկվել են իրենց ունեցվածքից։
«Կարելի է ասել՝ ոտաբոբիկ դուրս ենք եկել մեր տներից։ Հոկտեմբերի 18-ին մեզ ասել են, որ գյուղից դուրս պետք է գանք, այդ օրվանից դուրս ենք եկել գյուղից՝ առանց որևէ բանի։ Կառավարությունից պահանջում ենք մեր տների համաչափ փոխհատուցում՝ ողջամիտ ժամկետում», — լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ Բագրատ Նավասարդյանը։
Նա նշեց, թե հասկանում են, որ կառավարությունը չի կարող իրենց այգիների բերքի եկամուտը տալ, բայց ինչ-որ չափով փոխհատուցում պետք է տա։
«Մենք հող մշակող մարդիկ ենք, փոխհատուցում թող լինի, հող առնենք, մեր հողը մշակենք։ Մենք չենք ուզում դառնալ նպաստառու։ Այս մարդիկ միլիոններ են թողել այնտեղ։ Այսօր պետությունն օգնում է, ճիշտ է, բայց մենք չենք ուզում դառնալ նպաստառու», — ասաց Բագրատ Նավասարդյանը։