Հայոց բանակի կազմավորման 29-ամյակը Գյումրիի ծննդատանն արու զավակի ծնունդով է նշանավորվել։ Նորածինը պատերազմում զոհված Մյասնիկ Սիմոնյանի որդին է։ Մյասնիկը պատերազմի դաշտ է մեկնել մոբիլիզացիոն գնդում։ Զոհվել է հոկտեմբերի 2-ին Ջրականում։
Մյասնիկի մայրը՝ Վարդանուշ Խաչատրյանը, Shantnews-ի հետ զրույցում պատմեց, որ որդին երրորդ զավակի ծնունդին ամենաշատն էր սպասում, երազում էր որդի ունենալ։ Սիմոնյանների ընտանիքում ծնված փոքրիկը երկրորդ արու զավակն, կրելու է պապի՝ Կարապետի անունը։ Այդպես էր որոշել զոհված պահեստազորայինը։ Երրորդ անգամ տատիկ դարձած տիկին Վարդանուշի համար նորածինը նոր հույս է, ապրելու նոր իմաստ, խոստովանում է, որ փոքրիկի ծնունդով տնից հեռանալու է լացը․
«Երեկ բերեցինք հիվանդանոց։ Ես կուզեի, որ ժամերը փոխվեն ու դառնար ամսի 28-ը։ Էս օրը մեր բանակի օրն է, իմ տղես էլ պիտի շատ շուտով մեծանա բանակ էրթա։ Թող իմանա, որ ինքը ծնվել է հենց բանակի օրով ու բանակի ենթակա զինվոր է։ Իր հայրը հերոս էր, հայրը չտեսավ որդուն, բայց ինքը ծնվեց էս խորհրդանշական օրով»։
Երկու օր առաջ ծննդատանը լույս աշխարհ է եկել պատերազմում զոհված, ժամկետային զինծառայող Ալեն Ստեփանյանի քրոջ որդին։ 20 տարի առաջ Ալենը հենց նույն ծննդատանն էր ծնվել՝ նույն 3կգ 200գ քաշով։ Նորածնի մայրը հուզված ասում էր՝ նորածինը քեռու անվանակիրն է։ Պատերազմի օրերին Ալենն անձամբ է խնդրել քրոջը՝ որդուն հենց Ալեն անունով կոչել։ Փոքրիկ Ալենը մայրիկի հետ այսօր դուրս կգրվի ծննդատնից։