«Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և կրելու ենք…»․ Ռոբերտ Քոչարյան

Պատերազմից հետո, առաջին շաբաթվա այլընտրանքն այն էր, որ իշխանափոխությունը լինի սահմանադրակա՞ն ճանապարհով, թե՞ հեղափոխական։ Եթե մարդիկ մի քիչ նամուս ունենային, նաև՝ սեր սեփական երկրի նկատմամբ ու ամոթի զգացում, պետք է ներողություն խնդրեին ժողովրդից, հրաժարական տային։ Չարվեց։ Այս մասին այսօր երեք լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ընտրությունը դրա մեջ է՝ գնալ հերթական հեղափոխությամբ, թե լեգիտիմ ճանապարհով։ Իսկ լեգիտիմ ճանապարհը շատ պարզ ճանապարհ է։ Ընդամենը 20-25 պատգամավոր, եթե ունեն հայրենասիրական զգացում, պետք է դուրս գային ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից, և կաշխատեր այն ծրագիրը, որի համար այս 17 կուսակցությունները միավորվեցին։ Չարեցին։ Սա է այսօր մեր գործող քաղաքական էլիտայի որակը»,- նշեց նա։

Ըստ Քոչարյանի, երբ եղանակը տաքանա, կարող են քաղաքական պրոցեսներ սկսվել։

Հարցին, թե ապագայում ինչ գործընթացներին է մասնակցելու ինքը, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իր կողմնակիցներին կոչ է արել ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին, և նրանք ակտիվ դա անում են։

«Ինչո՞ւ ես ավելի ակտիվ չեմ ներգրավվել գործընթացներին։ Պետք է ազնիվ լինեմ՝ պատճառը հետևյալն էր․ «Իմ քայլը» խմբակցության համար ես մի մարդ եմ, որին իրենք երկու տարի պահել են բանտում և, իրենց մտածելով, ինձ իշխանություն տալու պարագայում ես սուրը հանելու եմ և աջուձախ վրեժխնդիր եմ լինելու իրենց հետ։Պատճառը նաև դա էր, որ ես ինձ հեռու պահեցի այդ գործընթացներից, որ այդ նույն գործոնը չօգտագործվի այդ 20, 25, 30 պատգամավորներին վախեցնելու համար։ Տրամաբանական էր»,- նշեց 2-րդ նախագահը։

Խոսելով հնարավոր արտահերթ ընտրություններին իր մասնակցության մասին՝ Քոչարյանն նշեց, որ ունի անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը, կա նաև թիմ։

«Շատ ավելի ճիշտ կլիներ, որ վիճակը հնարավոր լիներ կայունացնել եւ շատ ավելի հանգիստ միջավայրում կազմակերպել ընտրություններ, որովհետեւ այսօր արտահերթ ընտրությունները այս հակասությունների, անորոշությունների, շատ զգայուն հարցերի վերաբերյալ պատասխանների բացակայության պարագայում վտանգավոր է։ Ընտրություններին ես միանշանակ եմ մասնակցելու։ Բայց, այնուամենայնիվ, եթե իշխանությանը հաջողվի պարտադրել ընտրություններ ավելի արագ, իսկ իրենք կարծես թե այդ ձայները ունեն խորհրդարանում, ապա այդ դեպքում եւս չեմ կարծում, թե ճիշտը չմասնակցելն է։ Ընտրություններում նրանց մենակ թողնել հանրության հետ չեմ կարծում, որ ճիշտ է։ Դրա համար, այո, մասնակցելու ենք, պայքարելու ենք եւ կրելու ենք»,-հավելեց նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.