Ես առաջին օրն էլ ասել եմ՝ նետեք աղբանոց. այո, Նիկոլ Փաշինյանին պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոցը: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը:
Դիտարկմանը, որ ինքն այս իշխանության շնորհիվ է, որ հայտնվել է ազատության մեջ, նա արձագանքեց. «Ես իմ ազատության համար չէի դուրս եկել, ես հայրենիքիս ազատության համար էի դուրս եկել: Հիմա իմ վրա 9,5 տարվա հոդված է դրված: Դատախազը այդքան է պահանջել, ես թքել եմ այդ ազատության վրա: Ինչի՞ է նման սա, կիսով չափ մեռած ենք, կիսով չափ արթուն: Շուշին 90 տոկոսով թուրքերի՞նն էր: Հիմա մեր հինավորց մայրաքաղաք Կարսում զորավարժություն է գնում»:
Պավլիկ Մանուկյանը կարծում է, որ այս իշխանություններին ճիպոտով հեռացնելու են. «Իրենք բարոյազուրկ են, իրենք էլ գիտեն, որ երկար չեն կարող իշխել: Հայաստանում գողապետություն է: Ինչի՞ նման է, որ առավոտ շուտ եկել ու փախել է: Հերթական անգամ պղծել է «Եռաբլուրը»:
Հարցին, թե ո՞վ կարող է երկիրը դուրս բերել այս վիճակից, Մանուկյանը պատասխանեց. «Մեկ անձով չի կարելի, պետք է լինի այնպիսի կառույց, որ ով էլ լինի իշխանություն, մինչեւ վիզը բռնած լինի: Ոչ թե այսօր մի բան ասի, վաղը հերքի: Ազգային իշխանություն պետք է լինի, ազգայնականաները պետք է գան հարթակ, որոնք 30 տարվա կենսագրություն ունեն, չեն պղծել իրենց անցյալը, անդավաճան ծառայել են ազգին: Մենք ունենք այդպիսի տղաներ ու աղջիկներ: Նրանք հարթակում կերեւան շուտով»:
Նա ընդգծեց, որ պարտության հիմնական մեղավորը վարչապետն է. «Իհարկե, գլխավոր մեղավորն ու դավաճանը Նիկոլ Փաշինյանն է, հակառակ պարագայում թող բացահայտեն բոլոր դավաճաններին: Ինչու համար չէին պատրաստվում պատերազմին, տռուսիկ-մայկով, ելակով բանակ են պահո՞ւմ: Դրա համար դաշտերը կարմիր ներկեցին»: