Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու բարձրագույն ղեկավարությունն առավոտյան այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն: Եռաբլուրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լարված զրույց ունեցավ լրագրողներից մեկի հետ:
Լրագրողը հարց ուղղեց Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ելույթի վերաբերյալ՝ ասելով. «Այստեղ թաղված են նաեւ Շուշիի համար պայքարողները, իսկ դուք հայտարարել եք, որ Շուշին ադրբեջանական քաղաք է»:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը վրդովված արձագանքեց. «Մի րոպե մոտեցեք: Էտ դո՞ւք էիք ասում, որ ես ասել եմ՝ Շուշին ադրբեջանական է: Դո՞ւք էիք հարց տալիս, որ ես հայտարարել եմ՝ Շուշին ադրբեջանական է: Ո՞վ էր հարց տալիս, որ ես հայտարարել եմ՝ Շուշին ադրբեջանական է»,- ասաց Փաշինյանը՝ դիմելով լրագրողներին:
Երբ լրագրողը պատասխանեց, որ ինքն էր հարցն ուղղողը, վարչապետը շարունակեց.
«Որտե՞ղ եմ ես նման բան հայտարարել: Թղթի վրա դուք անձամբ կգրեք կբերեք մեջբերումը, որ ես դա հայտարարել եմ եւ ուղիղ եթերում ես ձեր հարցին կպատասխանեմ: Ես հիմա այլ հարցի չեմ պատասխանի, սա իմ պայմանն է, ես պայման եմ դրել, այդ պայմանը կատարեք, եւ ես ուղիղ եթերում ձեր հարցին կպատասխանեմ»,- հայտարարեց վարչապետը
Մանրամասները՝ տեսանյութում