Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 26-ին կառավարությունում հանդիպել է Հայաստանի պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:
Ինչպես «Արմենիապրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով նրանց՝ վարչապետը նշել է.
«Այս ծրագիրը մենք նախապատրաստել ենք շատ մեծ խանդաղատանքով և մեծ սպասումներով ու հույսերով: Ծրագրի իմաստը և նպատակն այն էր, որ Սփյուռքի երիտասարդ մասնագետները գան և ներգրավվեն Հայաստանի պետական կառավարման մարմիններում, աշխատեն մի որոշակի ժամանակաշրջան, իրենց հետ բերեն նոր դիտանկյուն, նոր հայացքներ, նոր թարմություն, կողքից կարողանան տեսնել և քննել՝ ինչ է կատարվում:
Բայց պետք է խոստովանել, որ ծրագիրը հենց սկզբից ուղեկցվեց մի շարք բարդություններով. նախ կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվեց, ապա համընկավ մեզ համար ամենաբարդ, դժվար և դաժան ժամանակաշրջանի՝ պատերազմի հետ: Եվ, իհարկե, այս առումով ժամանակաշրջանը ամենանպաստավորը չէր, չնայած, մյուս կողմից, գուցե թե ամենաբարդ շրջանում ձեր այստեղ ներկա գտնվելն ինչ-որ առումով շատ մեծ բարոյական աջակցություն էր մեզ բոլորիս, այն նախարարություններում և գերատեսչություններում, որտեղ դուք ներգրավված եք եղել: Եվ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել նաև, որ այս դժվար, չափազանց դժվար ժամանակշրջանը ներսից կիսել եք մեզ հետ:
Եվ հիմա՝ այս թեման և գաղափարը, որն ի սկզբանե դրված էր ծրագրի հիմքում, ավելի հրատապ և ավելի սուր է դառնում, որովհետև այն մարտահրավերները, որոնք կան երկրի առաջ, իհարկե, մեր ազգային ինտելեկտուալ և ընդհանրապես ներուժի համախմբման միջոցով է հնարավոր լուծել: Բայց մենք նման ձևակերպումներ անելիս և բանաձևեր կազմելիս պետք է շատ կոնկրետ ձևակերպենք, թե ինչ նկատի ունենք, և ընդհանրապես այս հարաբերություններում ինչն է, որ պետք է փոխենք և ինչպես է, որ պետք է փոխենք: Բայց դա ավելի երկար խոսակցության հարց է: Ես հիմա կուզենայի նաև լսել ձեզ, մասնավորապես, պարոն Սինանյան, Ձեր կարծիքը ծրագրի ընթացքի վերաբերյալ: Եվ նաև մտքեր փոխանակենք, թե ինչ տպավորություններ ունեն մասնակիցները և կառավարության ներկայացուցիչները ծրագրի, նրա հետագայի, շարունակականության և արտահայտման ձևերի մասին»:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը նշել է, որ անդրանիկ «իԳործ»-ի ընթացիկ արդյունքները վկայում են, որ այն համապատասխանում է դրա հիմքում դրված տեսլականին: Մասնակցության շուրջ 800 դիմում է ստացվել, այս տարի մասնակիցների թիվը 49-ն է, ծրագիրը մեկամյա է: Սփյուռքահայ մասնագետները ժամանել են աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Ավստրիա, Գերմանիա, Թաիլանդ, Իսրայել, Իրան, Լիբանան, Կանադա, Կիպրոս, Նիդերլանդներ, Շվեդիա, Չինաստան, ՌԴ, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա:
Ընդ որում, մասնակիցներ են ժամանել նաև պատերազմի ընթացքում և պատերազմից հետո: Նրանք աշխատանքի են անցել 19 պետական կառույցում՝ հնարավորություն ունենալով սեփական փորձն ու գիտելիքները ներդնելու տարբեր ոլորտների բարելավման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարն անդրադարձել է նաև ծրագրի սոցիալական կողմին և տեղեկացրել, որ մասնակիցների մի մասը հայրենադարձման որոշում է կայացրել և Հայաստան տեղափոխվել ընտանիքներով: Ինչ վերաբերում է գործնական ասպեկտին, Զ. Սինանյանի խոսքով՝ սփյուռքահայ մասնագետները 3-4 ամսվա աշխատանքի ընթացքում արդեն որոշակի հաջողություններ են արձանագրել ցուցադրելի արդյունքների՝ մշակված ծրագրերի, առաջարկների, տեսքով: Ծրագրի մասնակիցները նաև այցելել են Արցախ:
«իԳործ»-ի մասնակիցները ներկայացրել են իրենց, այն աշխատանքը, որ իրականացնում են պետական տարբեր գերատեսչություններում, ինչպես նաև վարչապետի հետ կիսվել տպավորություններով և հարցեր ուղղել նրան: Երկխոսության շրջանակում Նիկոլ Փաշինյանը նրանց հետ մտքեր է փոխանակել հետպատերազմյան իրավիճակներում անելիքների, Հայաստանի վերափոխման ու առաջընթացի, տնտեսության զարգացման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, կրթության բարեփոխման, նորարարական և գիտելիքահեն մտածելակերպի խթանման, տարբեր ոլորտներում ՏՏ զարգացման, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապի ամրապնդման, Սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության ուղղությամբ աշխատանքի, մշակույթի տարածման շուրջ:
«իԳործ»-ցիները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ նման ծրագիր նախաձեռնելու համար, որը հնարավորություն է տալիս գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնել հայրենիքի զարգացմանը՝ հատկապես այսօրվա դժվարին իրավիճակում: Նրանք հայտնել են, որ արդեն ունեն հաջողության պատմություններ, հանդես են եկել որոշակի նախաձեռնություններով, ծրագրերի առաջարկներով և շարունակելու են աշխատել:
Վարչապետն ընդգծել է՝ այս ծրագրով կառավարությունը նպատակ ունի համազգային հավաքական ջանքերն ի մի բերել ու մեկտեղել մայր հայրենիքի զարգացման գործում, որպեսզի, բացի հոգևոր ամուր հիմնարար կապից, Սփյուռքը հայրենիքի հետ կապվածության նաև այլ հարթակներ ունենա: Այս առումով Նիկոլ Փաշինյանը կարևորել է հետադարձ կապը և հորդորել «իԳործ»-ի մասնակիցներին՝ արձանագրել խնդիրները, ներկայացնել լուծման առաջարկներ: