Մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի այցը Արարատի մարզ Արարատ քաղաք: Մշակույթի տանը Մանուկյանը հանդիպում է բնակիչների հետ։
Այցի ընթացքում լարված իրավիճակ ստեղծվեց Վազգեն Մանուկյանի աջակիցների եւ տեղի բնակիչների միջեւ:
Քաղաքացիները հիշեցնում էին, որ վարչապետի թեկնածուն իր ճանապարհը փակած քաղաքացիներին անվանել է «բոմժեր»։ «Ամոթ ա, ժողովրդին խեղդիք, խեղդիք։ Հերիք ա, իրան չի սազում հելնի գա վարչապետ, բոմժ ա»,- դիմելով «Հայրենիք փրկության շարժման» անդամներին՝ նշեց տարեց քաղաքացիներից մեկը։
Հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում վարչապետի միասնական թեկնածու համարվող Մանուկյանը խոսեց քաղաքացիներին «բոմժեր» անվանելու մասին։
«Բնական է, որ ժողովրդի մեջ կան մարդիկ, ովքեր Նիկոլին են պաշտպանում։ Ես կարծում եմ, որ այդ մարդկանց հետ լուրջ աշխատանք է պետք տանել, բացատրել՝ ինչը ինչոց է։ Նրանք մեր քաղաքացիներն են։ Եվ կան քաղաքացիներ, որ, բոլոր իշխանությունների ժամանակ շահից ելնելով, խուժանություն են անում ընդդիմության դեմ։ Այդ մարդիկ էին հավաքված, ես իրենց անվանեցի այնպես, ինչպես անվանեցի։ Հետաքրքիրն այն է, որ երկիրը այս վիճակում է, հսկայական բաներ են տեղի ունենում, ձեզ հետաքրքրում է այդ մի բառը։ Այո, ես ասել եմ, հետո բոմժերից ներողություն եմ խնդրել, որովհետև անօթևան մարդկանց խիստ վիրավորել եմ՝ համեմատելով դրանց հետ»։
Մանուկյանը նաև նշեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ տարաձայնություններ չկան։ Նա նաև հերքեց լուրերը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ունեն խնդիրներ։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, միևնույն է, լինելու է։ «Չի կարող այդ մարդը այնտեղ մնալ, չենք թողնելու»։
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը մարզային այցերի շրջանակում այցելել է նաև Գյումրի և Վանաձոր։
Գյումրու ճանապարհին մի խումբ քաղաքացիներ փակել էին «Հայրենիքի փրկության շարժման» անդամների ճանապարհը՝ արգելելու համար նրանց մուտքը։ Վազգեն Մանուկյանը ճանապարհը փակած քաղաքացիներին անվանել էր «բոմժեր»։
Մանրամասները՝ Տեսանյութում