«Ես չունեմ այրած կամուրջներ թե՛ դրսի, թե …». Էդմոն Մարուքյանը՝ վարչապետ լինելու մասին

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողներից մեկը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս լավ վարչապետ կլինի և կկարողանա լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները։

«Սխալ ձևակերպում կլինի ասել, որ ես ձգտում եմ այդ պաշտոնին։ Ցանկացած քաղաքական ուժ իր գործունեության մեջ պետք է կարողանա հանրային աջակցության մթնոլորտ ձևավորել իր շուրջ, որի արդյունքում նա կստանա համապատասխան լծակներ և գործիքակազմ ու կսկի իրացնել իր ծրագրերը»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հիշեցրեց իրենց հրապարակած ճանապարհային քարտեզը։ «Մենք ասել ենք՝ եթե կլինի կոնսեսուս, որ այդ 14 կետերը մենք իրականացնենք, մենք պատրաստ ենք ստանձնել այդ բեռը։ Բնականաբար, Հայաստանում որևէ քաղաքական գործիչ կամ քաղաքական առանձին վերցված ուժ չի կարող միայնակ այդ բեռը ստանձնել, և հետևաբար երբ ասում եմ՝ եթե կլինի կոնսեսուս, նկատի ունեմ՝ քաղաքական ուժերի կողմից կոնսեսուս, հետևաբար նաև ներդրում այդ պրոցեսի մեջ՝ մասնագիտական, պրոֆեսիոնալ, քաղաքական, ամեն կերպ, որպեսզի այդ բեռը իրար հետ իրացնենք»։

Մարուքյանը նշեց, որ իրենց առաջարկը ոչ թե «Լուսավոր Հայաստան»-ի կամ իր կողմից իշխանությունը միայնակ ստանձնելն է, այլ անցումային, ազգային համաձայնության կառավարություն ձևավորելն է։ «Դրա մեջ, բնականաբար, «Իմ քայլը» պետք է ներառված լինի, և «Իմ քայլ»-ի կոնսեսուսն է սրա համար պետք»։

Պատգամավորի խոսքով՝ ինքը կարող է իրականացնել իրենց հրապարակած ճանապարհային քարտեզի կետերը։ «Ես չունեմ այրած կամուրջներ թե՛ դրսի, թե՛ ներսի որևէ քաղաքական ուժի հետ և ես ամեն ջանք ներ կդնեմ՝ հանրային համերաշխությունը վերականգնելու համար։ Վստահ եմ՝ ինձ մոտ դա կհաջողվի, այլ բան է՝ կլինի այդ կոնսեսուսը, որ մենք դա անենք, թե ոչ։ Դա էլ օրը կգա, բարին հետը»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.