ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց․ «Այս իշխանությունների գալուց հետո անմիջապես ինձ համար պարզ էր, որ եկել են Արցախը հանձնելու, ազգային արժեքները ոչնչացնելու, ամեն հայկականը վերացնելու համար»։
«Ինձ համար մի բան պարզ չէ, երբ որ ձեզ համար հենց առաջին պահից պարզ էր, որ մենք գալիս ենք իշխանության վատ նպատակներով, ինչո՞ւ էր ձեր խմբակցությունը և կուսակցությունը պաշտպանում այդ պրոցեսը և ինչո՞ւ էր ձեր կուսակցությունը մաս կազմում կառավարությանը»,- ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց․ «Մի անգամ առիթ ունեցել էիք խոսել դավաճանության մասին, ես պարզ հարց տվի՝ հեռուստատեսություններով թմբկահարվող կամավորական ջոկատը, որը ձեր կուսակցությունը ստեղծեց, էդ ջոկատն ի վերջով տեղ հասավ, թե՞ չհասավ։ Գնա՞ց մասնակցելու մարտական գործողություններին, թե՞ չգնաց։ Ոչ, էդ էդպես էլ մնաց հեռուստատեսային ռեպորտաժ, գովազդ։ Եթե ունեք հիմնավորումներ, բացեք էդ հիմնավորումները»։
Արայիկ Աղաբաբյանն արձագանքեց․ «Այն, ինչ հրապարակվեց, իբր թե ջոկատ էր կազմավորված, ես էլ դիմացը կանգնած։ Դա ջոկատ չի եղել, խորհրդակցության նման հոտնկայս ժողով էր, հաջորդ օրը 150 հոգանոց խումբ դուրս էր գնացել, այոնւհետև անձամբ ես եմ կազմավորել մեկ ամբողջ վաշտ, մարդիկ ճանապարհից հետ են վերադարձել ամսի 9-ի երեկոյան այդ բանավոր հայտարարությունը տարածվելուց հետո, ՊՆ-ն հետ է բերել այդ ջոկատին»։