Արցախում զոհված Էրիկ Սահակյանն այսօր կդառնար 20 տարեկան։ Էրիկը պատերազմի առաջին զոհերից էր։ Առավոտյան, երբ անօդաչու թռչող սարքը հարվածել էր զորամասի ճաշարանին, Էրիկն այնտեղից դուրս է բերել ճաշարանի չորս աշխատակցուհիներին, սակայն երկրորդ արկի հարվածի արդյունքում զոհվել է ինքը։
«Պատերազմի օրը զգում էի, թե ինչ է կատարվելու։ Իրեն ճանաչելով՝ հասկանում էի, որ անտարբեր չի մնալու, նետվելու է օգնության և մի հերոսություն է անելու։ Լուրերով լսեցի իր անունը, չէի ուզում հավատալ ու չէի էլ ուզում զանգել հասկանալու համար՝ լուրը ճիշտ էր թե ոչ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Էրիկի Սահակյանի մորեղբայրը՝ Արծրուն Հակոբյանը։
Էրիկը կյանքով լեցուն էր և ընկերասեր, իր ծննդյան օրը շատ էր սիրում և ամեն տարի գեղեցիկ կերպով էր այն անցկացնում։
«Վստահ եմ՝ այս տարվա ծննդյան օրն էլ զորամասում յուրահատուկ կերպով կկազմակերպեր։ Ինքը բոլորի տոնական օրերն էր կարողանում յուրահատուկ դարձնել։ Ամեն պարագայում ընկերների կողքին էր, եթե անգամ ուժերից վեր էլ լիներ, օգնում էր։ Իր բացը մեր կյանքում ոչ մեկը չի կարող լրացնել»,- նշեց Էրիկի ընկեր Մելանյա Մանուկյանը։
Էրիկն ապագա փրկարար էր։ Սովորում էր Ստեփանավանի Ճգնաժամային կառավաման պետական ակադեմիայում։ Բանակ զորակոչվել էր 2019 թվականի ամռանը։ Էրիկն իր զինվորական երդումը տվել էր Դադիվանքում։
«Ծառայում էր Քարվաճառում։ Հանգամանքներ կային, որոնց պատճառով կարող էր չծառայել, բայց շատ էր ցանկանում հայրենիքին իր պարտքը տալ։ Էրիկն էությամբ էլ փրկարար էր։ Ուր էլ գնար, կարճ ժամանակ անց սիրվում էր ու մեծ շրջապատ էր ձևավորում իր շուրջը»,- ասաց Էրիկ Սահակյանի մորեղբայրը։
Էրիկ Սահակյանը նահատակվել է սեպտեմբերի 27-ին անօդաչու թռչող սարքի հարվածից։ Հուղարկավորվել է սեպտեմբերի 29-ին «Եռաբլուրում»։