Ցուցանակով և ընկույզով լի դույլով 6-ամյա Վահեն փոթորկեց համացանցը: Արմավիրցի փոքրիկը բանակին օգնելու համար գործի անցավ՝ ընկույզ էր վաճառում՝ հատը 100 դրամով:
Վահե Հովհաննիսյան — Ասում էի՝ 100 դրամ ա, 1000 դրամ էին տալիս:
Նստեց մայթին, հանգանակության արկղը՝ դիմացը: Ամեն օր Վահեն «Հայփոստ» էր գնում, գումար փոխանցում: 6-ամյա արմավիրցին մոտ 7 մլն դրամ հանգանակեց:
Անկախ տարիքից, պաշտոնից, գտնվելու վայրից, պատերազմի օրերին շատերը մասնակից դարձան թիկունքային կամավոր աշխատանքին: Ով ինչ կարող էր՝ բերում, կամավորներն էլ տեսակավորում էին, փաթեթավորում: Չէին մոռանում մակագրել՝ մաղթանքներն էլ ուժ կտան սահմանը պահող զինվորին: Գիշերը չէին քնում, աշխատում էին հերթափոխով: Մոտ 200 կամավոր բաժանվել էր խմբերի, տեղում ստեղծել բացօթյա պահեստ: