Լյուքսեմբուրգի խորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց հանդեպ, ովքեր հայերի նկատմամբ ատելություն են տարածում

Այսօր Լյուքսեմուրգի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում գործադիր մարմնին ի թիվս այլոց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան գործընթացի մեկնարկ՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Այս մասին տեղեկացրին Լյուքսեմբուրգում ՀՀ հյուպատոսությունից։Մասնավորապես, Լյուքսեմբուրգի խորհրդարանը, արձանագրել է, որ Ադրբեջանը ոտնահարել է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը և Մադրիդյան սկզբունքները, սանձազերծելով պատերազմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, այդ թվում՝ փաստելով Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությունն Ադրբեջանի՝ ռազմական տեխնիկայի և ջիհադիստ վարձկանների տեղակայման միջոցով։

Նշյալ բանաձևով արձանագրվել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքների բռնազավթումը Ադրբեջանի կողմից, բռնազավթված տարածքներում բնակչության անվտանգության երաշխիքների բացակությունը և կոչ է արվում ապահովել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, պահպանել եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարը, սկսել ռազմական հանցագործությունների հետաքննություն և երաշխավորել բոլոր փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց բնակավայրեր։

Բացի այդ, Լյուքսեմբուրգի խորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանում այն անձանց հանդեպ, ովքեր հայերի նկատմամբ բռնությունների կոչեր և ատելություն են տարածում, ինչպես նաև ապահովել հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանումը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.