Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրամիության խորհուրդը մինչեւ 2021 թվականի հուլիսի 31-ը պաշտոնապես երկարացրել է «Ռուսաստանի տնտեսության առանձին հատվածների» դեմ տնտեսական պատժամիջոցների գործողությունը, որոնք սահմանվել են Ուկրաինայի իրադրության պատճառով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենիապրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ԵՄ-ն հայտնել է առանձին հայտարարությամբ:

ԵՄ անդամ պետությունների ղեկավարները սահմանափակումները երկարացնելու քաղաքական որոշումը կայացրել են դեկտեմբերի 10-ի գագաթնաժողովում:

Պատժամիջոցները վերաբերում են ֆինանսական, էներգետիկ եւ պաշտպանական հատվածներին, ինչպես նաեւ երկակի նշանակության արտադրանքին: Դրանք ենթադրում են ռուսական այն հինգ խոշորագույն ֆինանսական կառույցների մուտքի սահմանափակում ԵՄ կապիտալների շուկա, որտեղ գլխավոր սեփականատերը ռուսական պետությունն է։ Բացի այդ, պատժամիջոցներ են կիրառվել երեքական ռուսական էներգետիկ և պաշտպանական ոլորտի ընկերությունների նկատմամբ։ Պատժամիջոցները նախատեսում են զենքի, երկակի նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման արգելք, Ռուսաստանին մի շարք այն ծառայությունների և տեխնոլոգիաների փոխանցման սահմանափակումներ, որոնք կարող են օգտագործվել նավթի արդյունահանման ոլորտում։

Եվրամիությունն առաջին անգամ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել 2014 թվականի հուլիսի 31-ին՝ կապված Ղրիմի իրադարձությունների հետ: 2015 թվականի մարտին Եվրամիության խորհուրդը սահմանափակումների գործողության ժամկետը կապել է «Մինսկի համաձայնությունների ամբողջական կատարման» հետ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.