«Կողմերը պետք է մնան այն սահմաններին, որոնք եղել են նոյեմբերի 9-ին».Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անդրադառնալիս դարձյալ խոսեց Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի և ադրբեջանիցների միջև տեղի ունեցած էթնիկ բախումների մասին, որոնք հետագայում տեղափոխվել են նաև Լեռնային Ղարաբաղի տարածք: «Արմենիապրես»-ի փոխանցմամբ` այս հարցին Պուտինն անդրադարձավ իր մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հակամարտության էթնիկական արմատները սկսվել են Սումգայիթից, հետո տեղափոխվել` Լեռնային Ղարաբաղ: Այստեղ յուրաքանչյուր կողմ ունի իր ճշմարտությունը: Լեռնային Ղարաբաղի հայերը ժամանակին զենք են վերցրել, որպեսզի պաշտպանեն իրենց կյանքն ու արժանապատվությունը»,- ասաց Պուտինը:

Վլադիմիր Պուտինը հավելեց, որ Լեռնային Ղարաբաղում այս տարի իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, որովհետև լարվածությունը ձգվում էր երկար տարիների ընթացքում:

«Չեմ կարծում, որ սա տեղի ունեցավ արտաքին ազդեցության պատճառով: Բազմաթիվ փոխհրաձգություններ, փոքր բախումներ էին տեղի ունենում և այդ ամենը հանգեցնում էր հակամարտության: Ռուսաստանի դիրքորոշումը միշտ այն էր, որ մենք պետք է առանց արյունահեղության հասնենք պայմանավորվածությունների, այդպիսին էր մեր դիրքորոշումը նաև Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որտեղ համանախագահներ են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան»,- նշեց ՌԴ նախագահը:

Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, դարձյալ նշել էր, որ այն սկսվել է Սումգայիթի էթնիկ բախումներից: 

1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեցին քաղաքի հայ ազգաբնակչության ջարդերն ու զանգվածային տեղահանությունը։ Փետրվարի 29-ին խորհրդային զորքերը մտան Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվեցին բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը միայն երեկոյան էր դիմել վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։ Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կայացած մեծ ասուլիսի ժամանակ խոսել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին: Նա հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կողմերը պետք է  մնային այն դիրքերում, որում եղել են նոյեմբերի 9-ի հայտարարության ժամանակ:

«Արցախի կարգավիճակը պետք է լինի անփոփոխ եւ լուծվի հետագայում: Անպայման Արցախի եւ Հայաստանի միջև պետք է կապ լինի, դրա համար էլ Լաչինի միջանցքն է:

Հաջորդ քայլը պետք է լինի տարածաշրջանում կայունության հաստատումը. դա կապված է նաեւ ավտոմայրուղու երթևեկությանը, Նախիջևանի հետ կապին», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.