ԱԱԾ-ն հայտնում է նախկին պաշտոնատար անձի կողմից իշխանության յուրացման փորձի դեպքեր բացահայտելու մասին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է նախկին պաշտոնատար անձի կողմից կազմակերպված բռնություն գործադրելու եղանակով իշխանության յուրացման փորձի դեպքեր բացահայտելու մասին: «Արմենիապրես»-ի փոխանցմամբ՝ ԱԱԾ մամուլի կենտրոնն այդ մասին հաղորդագրություն է տարածել.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով օրենքի առաջ բոլորի հավասարության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու սկզբունքներին, ինչպես նաև հավատարիմ լինելով հասարակության և պետության անվտանգությունը,

սահմանադրական կարգը, պետության ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործելաոճին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում կատարված մեծածավալ քննչական ու այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված

համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է նախկին պաշտոնատար անձի կողմից կազմակերպված բռնություն գործադրելու եղանակով իշխանության յուրացման փորձի դեպքեր:

Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ Հ.Ծ.-ն, ունենալով ընդգծված հակաիշխանական հայացքներ, նախնական համաձայնության գալով նախկինում ՀՀ Ազգային ժողովի

«Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վ.Ա.-ի և դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ, գրանցված լինելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և ունենալով հետևորդների զգալի քանակ, նպատակ ունենալով անվստահություն սերմանելու միջոցով իշխանության յուրացման համար ստեղծել նպաստավոր պայմաններ, 2019-2020 թվականների ընթացքում ՀՀ իշխանությունների, այդ թվում՝ ՀՀ վարչապետի և նրա ընտանիքի անդամների, ՀՀ կառավարության անդամների և վերջինիս կազմում ընդգրկված պաշտոնատար անձանց, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հասցեին ինչպես անձամբ, այնպես էլ իր համակիրների միջոցով պարբերաբար հրապարակել և տարածել է վարկաբեկիչ, արատավորող և ստահոդ տեղեկություններ՝ այդ կերպ փորձելով հեղինակազրկել գործող իշխանություններին, արատավորել վերջիններիս և հանրության շրջանում իշխանությունը յուրացնելու գործողությունների անմիջական կատարման ժամանակ ստանալ աջակցություն:

Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում գործել բացառապես օրինականության և իրավունքի գերակայության դաշտում և ակնկալում է նաև այս գործընթացում հասարակության լայն շերտերի աջակցությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցավոր դրսևորումների վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ներքին և արտաքին անվտանգության, և հիշեցնում է, որ անկախ քաղաքական հայացքներից դրանք բարձրագույն արժեքներ են:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.