Գալու է նաև «Հոկտեմբերի 27»-ի հատուցման պահը. Ապտակ Պուտինին...

Վաշինգտոնի քաղաքային օրենսդիր մարմնում մտադիր են վերանվանել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան դիմացի փողոցը ի պատիվ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի: Այս քայլը հարգանքի տուրք է 2015 թվականի փետրվարի 27-ին Կրեմլի մերձակայքում սպանված քաղաքական գործչի հիշատակին: Ամերիկյան քաղաքականության համարժեքությունն ապշեցնող է, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Ռուսաստանի ընդդիմադիր ու փորձագիտական շրջանակներում տարածված վարկածի համաձայն` Նեմցովի սպանությունը կազմակերպված էր հենց Պուտինի շրջապատի կողմից, մասնավորապես կարծիք է հայտնվում, որ Նեմցովի սպանությունը կազմակերպվել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի պատվերով:

Այս լույսի ներքո Վաշինգտոնի քաղաքային իշխանության որոշումը խիստ ուշագրավ է և ուժեղ հարված է Պուտինի քաղաքական հեղինակությանը, որովհետև գրեթե բաց տեքստով ասվում է, որ նա է կասկածվում Նեմցովի սպանության կազմակերպման մեջ: Հայաստանում գրեթե բոլորն են վստահ, որ Հոկտեմբերի 27-ի հիմնական կազմակերպիչները Ռուսաստանի իշխանությունն ու Ռոբերտ Քոչարյանն են:

Վերջինս` իր պրովինցիալ արյունոտ իշխանությունն ամրապնդելու, Պուտինի իշխանությունը` Հայաստանը ռուսական ֆորպոստի վերածելու նպատակով: Քոչարյանի անձի վրա կենտրոնանալ նույնիսկ չարժե, որովհետև նրա տեսակի ու Հոկտեմբերի 27-ի կատարողների որակական տարբերությունը չնչին է, անէական:

Խնդիրը` Հոկտեմբերի 27-ի ռուսական հետագիծն է, որը նաև Հայաստանի այսօրվա նվաստացուցիչ ներկան է: Իշխանությունը լռում է, որովհետև վախենում է նոր Հոկտեմբերի 27-ից կամ արյունոտ սադրանքից, որը կարող է հյուսվել Ղարաբաղի շուրջ: Ընդդիմությունը վախենում է, որովհետև Հայաստանի իշխանության բանալին Մոսկվայում է, ու թերևս մեր ընդդիմությունը իշխանության իր հայտը տակավին պատկերացնում է գաղութատիրական համակարգի համատեքստում: Հասարակությունը վաղուց հաղթահարել է «օրհնված սհաթի» բարդույթը, բայց դա չի դարձրել դիրքորոշում, կեցվածք: Հայաստանի իշխանությունները կամք չունեցան Լենինգրադյան փողոցն անվանակոչել Լեոնիդ Ազգալդյանի անունով, որովհետև չեն հաղթահարել մեծ վախը:

Վաշինգտոնի քաղաքային իշխանության այսօրվա որոշումը հուշում է, որ Պուտինի իշխանության ոչ մի ոճիր անպատիժ չի մնալու: Քաղաքակիրթ աշխարհը հեռանկարում անպայման անդրադառնալու է նաև Հոկտեմբերի 27-ի ոճիրին, սակայն շատ կարևոր է, որ դրան նախորդի մեր հասարակության, քաղաքական համակարգի գնահատականը: Կարևոր է` պետականության արժևորման, ապագայի տեսլականի տեսսնկյունից:

…Մի քանի ժամից լուսաբաց է, բացվող օրը պատմականորեն կարող է բեկվել Հայաստանի պատմության ընթացքը: Վաղը Բրյուսելում կստորագրվի Հայաստան-Եվրամիություն Շրջանակային համաձայնագիրը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am