Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը. Արայիկ Հարությունյան

Հայրենիք վերադարձող չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը Երևանում վայրէջք կկատարի րոպեներ հետո: «Արմենիապրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այս ծանր օրերին, երբ ահեղ պատերազմի հետևանքով ունեցած կորստի ցավից ու դառնությունից մեր ժողովուրդը փորձում է կրկին ուղղել իր մեջքը, երբեմն նաև լուսավոր կետեր են նշմարվում, որոնք մեզ ապրելու, նորից ամեն ինչ կառուցելու հույս ու հավատ են ներշնչում: Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը: Նրանց կդիմավորեմ անձամբ՝ հարազատների հետ միասին:

Անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, ողջ մնացած բոլոր զինծառայողներին ու քաղաքացիներին վերադարձնելը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում են մնալ մեր օրակարգի ամենահրատապ հումանիտար հարցերը»,-նշել է նա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.