ՌԴ խաղապահ ուժերն ընդլայնել են պատասխանատվության գոտին Արցախում՝ ներառելով Հին Թաղլարը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

 Ռուսաստանի խաղապահ ուժերն ընդլայնել են պատասխանատվության գոտին՝ Արցախում եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարի՝ դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում Ադրբեջանի կողմից խախտումից հետո։ «Արմենիապրես»-ի հաղորդմամբ՝ պատասխանատվության գոտու ընդլայնման մասին է վկայում ՌԴ պաշտպանության նախարարության դեկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակած քարտեզների համեմատությունը, որտեղ մուգ կանաչ գծով նշված է շփման գիծը և ՌԴ խաղապահների պատասխանատվության գոտու սահմանը. դեկտեմբերի 13-ի քարտեզում ՌԴ խաղապահների պատասխանատվության գոտին ներառել է Արցախի Հին Թաղլար գյուղը և շրջակայքը։

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել պաշտպանության բանակի վեց զինծառայողներ, զոհվել ադրբեջանցի 4, վիրավորվել 2 զինծառայողներ։

Ինչպես հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, արդրբեջանական կողմի գործողություններն անմիջապես քննարկման առարկա են դարձել Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։

Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.