ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ

ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Ռուսաստանից S-400 հրթիռներ գնելու համար: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Բլումբերգ» լրատվական կայքը, նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է միջոցառումերի փաթեթ, որը առաջարկել է պետքարտուղար Մարկ Պոմպեոն: Պոմպեոն չի մանրամասնել, թե պատժամիջոցները ինչ են ներառելու:   

Պատժամիջոցները կիրառվելու են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակահարված տալու մասին» օրենքի համաձայն: Ինչպես հայտնում է աղբյուրը, նախագահ Թրամփը, ով կարևորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած իր անձնական հարաբերությունները, սկզբում դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ գործարքի համար Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը:

ԱՄՆ-ի գլխավոր մտահոգությունն այն է, որ Թուրքիան S-400-ը կարող է օգտագործել F-35-ի գաղտնի հնարավորությունների վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքագրելու համար: Էրդողանը իր հերթին ասել է. «Եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի ՆԱՏՕ-ի իր այդքան կարևոր դաշնակցի նկատմամբ, դա կդիտվի որպես անարգանք»: Անկարան պնդում է, որ Ռուսաստանից գնված ՀՕՊ համակարգը Թուրքիայի համար անհրաժեշտություն էր, և որ Թուրքիայի դաշնակիցները այլընտրանք չէին թողել:

Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունները վերջին շրջանում լարված են մի շարք խնդիրների շուրջ: Դրանցից մեկը սկսվել է 2017 թվականից, երբ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան որոշել էր ՀՕՊ համակարգ գնել Ռուսաստանից: Լարվածությունը կապված է նաև ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քուրդ զինյալներին աջակցելու հետ, ում Թուրքիան որակավորում է որպես «ահաբեկիչներ»: Մեկ այլ խնդիր է Թուրքիայի հակամարտությունը Հունաստանի և Կիպրոսի հետ Միջերկրական ծովի արևելյան ավազանում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.