ՀՀ կառավարությունն այսօր քննարկել և ընդունել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը հաստատելու մասին հարցը:
Գործադիրում հստակեցրել են, որ խոսքը 2020-2021 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցման մասին է: Նրանք, ովքեր վճարումը կատարել են, կարող են այդ գումարն օգտագործել, օրինակ, երկրորդ կիսամյակի ուսման վարձը վճարելու համար:
«Եթե մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման (պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածների դեպքում՝ զորակոչվելու համապատասխան ուսումնական տարվա առաջին կիսամյակի) վարձը, և 1-ին կիսամյակի արդյունքում ավարտելու է ուսումնառությունը, այդ չափով կատարված վճարումը վերադարձվում է սովորողին (ֆիզիկական անձի կողմից վճարված լինելու պարագայում», – ասված է որոշման մեջ:
Փոխհատուցման ենթակա ֆինանսական միջոցներն ՈւՀ-երին տրամադրվում են նվիրաբերության պայմանագրերի (լրացումների դեպքում՝ համաձայնագրերի) հիման վրա՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր ՈՒՀ-ի կողմից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացված սույն հավելվածի 8-րդ կետում նշված անվանացանկերը:
ՀՀ կառավարությունում նաև ընդգծվել է, որ արտոնությունից կարող են օգտվել թե՛ բուհերի, թե՛ միջին մասնագիտական կրթական հաստատությունների ներկայացուցիչները՝ բակալավրեր, մագիստրոսներ, ասպիրանտներ: Նշանակություն չունի նաև ուսուցման առկա ու հեռակա լինելը: