Շուշիի մատույցներում լքված «ՈւԱԶ» է գտել ու թշնամու կրակի տակ 42 վիրավոր իջեցրել. կամավորական

«Զինուժ մեդիան» ռեպորտաժ է պատրաստել կամավորական Ժիրայր Գեւորգյանի մասին, որը պատերազմի երկրորդ օրվանից «ՈւԱԶ»-ով վիրավորներ է տեղափոխել հոսպիտալ։

Պատերազմի ամենաթեժ կետերին մարտի դաշտից թշնամու կրակի տակ «ՈւԱԶ»-ով բազմաթիվ վիրավորների տարհանած Ժիրայրի երթուղին կրկին նույնն է՝ դեպի հոսպիտալ. այս անգամ, սակայն, տղերքին տեսակցելու նպատակով։

«Ինչը ես արել եմ, իմ ազգի համար եմ արել, որ ես հայ եմ, ուրիշ ոչ մի բանի համար»,- ասում է կամավորական Ժիրայր Գեւորգյանը։

Կամավոր զինվորագրված ու ընկերների հետ պատերազմի երկրորդ օրն Արցախ մեկնած Ժիրայրի պատմության գագաթնակետը նոյեմբերի 6-ն էր, երբ Շուշիի մատույցներում թեժ մարտերի ժամանակ դաշտում լքված «ՈւԱԶ» գտավ ու հենց այդ պահից որոշեց ստանձնել առաջնագծից վիրավորներից տարհանելու եւ հոսպիտալներ հասցնելու առաքելությունը։

Ժիրայրը հաջողացրել էր 42 վիրավորների դուրս բերել մարտադաշտերից։

Թշնամու կրակաերթերի հետքերն ու հետեւանքները ոչ միայն մեքենայի վրա, այլ նաեւ Ժիրայրի մտքում դեռ թարմ են։

Վիրավորներին տեղափոխելու ժամանակ հրաշքով փրկվելու դեպքերն էլ հիշում է մեկ առ մեկ. «Մեր ընկերը գոռում է՝ Ժիրո, դուրս արի ըտեղից։ Հետ եմ տալիս ու սնարյադն ընկնում ա դեմս»։

Պատերազմի ավարտից հետո էլ Ժիրայրը շաբաթվա կեսից ավելին Արցախում է։ Սեփական նախաձեռնությամբ, այժմ էլ ընկերների հետ շինարարական նյութեր են հավաքում եւ տանում այնտեղ, օգնում արցախցիներին՝ նորոգելու իրենց տները։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.