ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր լրատվամիջոցների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման հարցին: Նա հայտնել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում անդրադարձել են ԼՂ թեմային՝ ի թիվս այլ իրավիճակների, որ ուշադրության արժանի են:
«Մենք մանրամասն պատմել ենք՝ ՌԴ-ն ինչ քայլեր է ձեռնարկում երեք ղեկավարների հայտարարության իրականացման ուղղությամբ: Ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են երկու երկրների՝ ՀՀ և Ադրբեջանի, փոխադարձ համաձայնության պայմաններում»,- ասել է նա:
Լավրովն անդրադարձել է գերիների փոխանակման հարցին: Նա ընդգծել է՝ զոհերի մարմինների, պահվող անձանց փոխանակման հարցը արտացոլված է նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ:
«Մենք բոլորս հասկանում ենք՝ սա հարց է, որ ամենաուղղակի ձևով վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին. կողմերը կոչ են արել ԿԽՄԿ-ին՝ նպաստել այս հարցի հնարավորինս անխնդիր, արագ և արդյունավետ լուծմանը: ՌԴ-ն ակտիվորեն սատարում է դրան»,- նշել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ խաղաղապահների տեղակայման անհետաձգելի հարցերից մեկը հենց ռազմագերիների ու զոհերի մարմինների փոխանակումն է: Նա ընդգծել է՝ այն պայմաններում, որ հակամարտությունը դադարեցվեց, այդպիսիք քիչ չեն: Լավրովը հայտնել է, որ մարդասիրական խնդիրները լուծելու համար խաղաղապահները մի շարք կոնկրետ քայլեր են արել:
Ինչ վերաբերում է գերիների փոխանակմանը, ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ այս հարցը ՀՀ վարչապետի կողմից մշտապես դրվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում, իսկ այդպիսի շփումները վերջին օրերին, շաբաթներին քիչ չեն եղել:
«Անհրաժեշտ է, որ արդյունավետ փոխանակում լինի զոհերի, պահվող անձանց, դրա համար պետք է այս ոլորտում աշխատանքների ցուցակագրում լինի, նաև պետք է ներկայացվեն անհետ կորած համարվող անձանց հստակ ցուցակներ, որ հնարավոր լինի ավելի կոնկրետ զբաղվել դրանով: Մեր խաղաղապահները այդ խնդիրներին մեծ ուշադրություն են դարձրել. երբ ԿԽՄԿ-ն իր աշխատակիցներին տարհանել է ԼՂ տարածքից, ուստի կարևոր է, որ մեր խաղաղապահները թիկունք դարձան»,- նշել է նա:
Ըստ Լավրովի՝ հաշվի առնելով տեղանքը, նաև այն, թե ինչպես են զարգացել ռազմական գործողությունները, անմիջապես դրանց դադարեցումից հետո դժվար էր այս հարցերով զբաղվել, հատկապես՝ հստակ ցուցակների բացակայության պայմաններում:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ԿԽՄԿ-ն իր աշխատակիցներին վերադարձրել է ԼՂ, նրանք մտադիր են զգալիորեն՝ մինչև 400 աշխատակցով ավելացնել ներկայացվածությունը տարածաշրջանում, նաև զգալիորեն՝ մինչև 45 մլն շվեյցարական ֆրանկ, ավելացնել ֆինանսավորումը:
Լավրովը հույս է հայտնել, որ գերիների փոխանակման գործընթացն ավելի արագ առաջ կգնա, խաղաղապահները կաջակցեն դրան: Նա նշել է՝ դժվար է խոսել այս գործընթացի միտումնավոր ձգձգման մասին, բայց կան օբյեկտիվ բարդություններ: