ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին պատերազմից հետո գերեվարված 10 անձանց մասին տեղեկատվություն տրամադրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է տեղեկություններ տրամադրել նոյեմբերի 11-ին առևանգված 10 քաղաքացիական անձանց մասին։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնում է, որ տեղեկության տրամադրման համար վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 30-ը։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ին՝ պատերազմը դադարեցնելու հայտարարության ստորագրումից հետո, Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում անհետ կորել էին Հայաստանի 10 քաղաքացիներ, որոնք մարդասիրական նպատակներով ուղեւորվում էին Արցախ։

Ավելի ուշ ադրբեջանական սոցցանցերում հրապարակվել էր տեսանյութ, որում երեւում էր, որ նրանք գերեվարվել են։ 10 հայերի կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները ապահովելու նպատակով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում էր ուղակել Եվրոպական դատարան։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը տեղեկացնում է նաեւ, որ Դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի, եւ 9 ռազմագերիների մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց։ ՄԻԵԴ-ը պահանջել է տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.