«Մարտունու ուղղությամբ թշնամուն հնարավոր է եղել կանգնեցնել, հետ շպրտել․..». Արծրուն Հովհաննիսյան

Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված։ Երեկ ողջ գիշեր և այսօր ամբողջ օրվա ընթացքում ռազմաճակատի տարբեր ուղղություններում մարտերը շարունակվել են։ Մարտերը եղել են բավական ինտենսիվ։ Այս  մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ նախ հյուսիսում թշնամու զորքերը՝ հիմանականում փոքր մարտավարական խմբեր հրետանու աջակցությամբ փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն կրելով կորուստներ՝ հետ են շպրտվել։

«Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան որոշակի հաջողություններից հետո մեր զորքերին հաջողվել է թշնամուն կանգնեցնել, հետ շպրտել ելման բնագծերը, կրել են զգալի կորուստներ։ Շուշի քաղաքի մեջ և շրջակա, հարակից տարածքներում, պարիսպների տակ, ճանապարհի վրա մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավական սաստիկ։ Այս պահին էլ որոշակի մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը որոշակի թուլացել է։ Սաստիկ է եղել այսօր նաև Բերձորի ուղղությամբ։ Թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել ու դուրս գալ դեպի Բերձոր՝ հավանաբար փորձելով այդ ուղղությամբ օգնության հասնել Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին։ Բայց կրելով զգալի կորուստներ՝ հետ են շպրտվել, ավելին, դիմել են փախուստի»,- նշեց նա։

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ այս պահին մարտերն ընթանում են։ Ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավական դրական։ Մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին թույլ չտալ որևէ ուղղությամբ զարգացնել հաջողությունները, բայց մարտերն ընթացքի մեջ են։ Գիշերային ժամերին արդեն երրորդ, չորրորդ օրն է Շուշիի համար ճակատամարտը շարունակվում է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.