«Այսպիսի տրամադրությունները լավ բանի չեն բերում…».Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե արդյոք Ստեփանակերտի բնակչությունը տարհանվել է։

«Տեղին չէ այս պահին նման բաների մասին խոսելը։ Այսպիսի տրամադրությունները լավ բանի չեն բերում։ Ես շատ եմ տեսնում ցանցում տարբեր գնահատականներ, նույնիսկ մեզ մեղադրող գնահատականներ կամ ռազմաճակատի այս կամ այն իրավիճակում առանձին իրավիճակի, տեղամասի կամ առանձին բնակավայրի, առանձին ստորաբաժանման մասին գնահատականներ։ Դուք ստանում եք ձեր ինֆորմացիան այս կամ այն ծանոթից, մոտիկից, բարեկամից առանձին ճակատի մասին, որտեղ, այո, կարող է լինել ծանր դրություն, մեր նահանջը, կորուստներ։

Եվ դրանով սկսում եք ամփոփիչ տվյալներ ներկայացնել։ Իսկ մենք օրվա ընթացքում ինֆորմացիա ենք ստանում մոտավորապես մոտ 1000 կմ ճակատից, ամենատարբեր տեղերից։ Եթե ձեր լոգիկային հետևենք և շեշտադրումը դնենք միայն բարդ իրադրության վրա, ի՞նչ պիտի պատասխանենք մյուս բազում ուղղություններում առավոտից երեկո հերոսաբար դիմադրած ու հակառակորդին հետ շպրտած կամ դիրքեր բարելաված ստորաբաժանումների հրամանատարներին, զորքին»,- ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ լավ օրինակների վրա պետք է հիմնվենք՝ զորքի մարտունակությունը, կառավարումը պահպանելու համար, որպեսզի կարողանանք հաղթանակներ ունենալ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.