Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի ռազմաճակատում, մասնավորապես՝ Շուշիի հարակից տարածքներում, Բերձորից հարավ ընկած հատվածներում, Մարտունիի ուղղությամբ շարունակել են ընթանալ մարտական գործողություններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենիապրես»-ը, այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նոյեմբերի 7-ին կայացած ասուլիսի ժամանակ:
«Մասնավորապես, Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհներին մարտերը չեն դադարում գիշեր, թե ցերեկ: Երեկ նշեցի, որ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց ինչպես երևում է հակառակորդը նոր ուժեր և միջոցներ ներգրավվել և շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունը իրագործելու պլանները: Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ հակառակորդի թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են և այս պահին էլ շարունակվում են»,- ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ մարտեր են ընթանում նաև Շուշիին մոտեցող ուղղություններում՝ Քարին տակի, Լիսագորի և այլ հատվածներում:
Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ Մարտունու ուղղությամբ հակառակորդը փորձել է զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակում իրագործել, սակայն հետ է շպրտվել ելման բնագծերը՝ կորցնելով մեկ-երկու զրահատեխնիկա և թողնելով մի քանի դիակները:
«Բերձորից հարավ ընկած հատվածում նույնպես մարտեր են ընթացել: Մի քանի անգամ հակառակորդը փորձել է առաջ գալ, չեն կարողացել, կորուստներ են կրել: Նույնիսկ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի բարելավվում իրականացնել այդ ուղղությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշեց, որ այլ ուղղություններում մարտական գործողություններ չեն եղել, բայց ողջ օրը և՛ դիրքերի ուղղությամբ, և՛ բնակավայերի ուղղությամբ կիրառվել են հրետանային միջոցներ: