«Այսօր մեր հրետանին, մեր հետևակը, այլ ստորաբաժանումներ ուղղակի հրաշքներ են գործել…». Արծրուն Հովհաննիսյան

Արդեն շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում։ Այսօր և երեկ, անցնող գիշեր բավական ինտենսիվ ու ծանր մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, այս անցնող օրերը հավանաբար հայոց պատմության մեջ կմնան որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր»,- ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հակառակորդի հետախուզա-դիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման գյոռբագյոռ ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է։

«Այսօր մեր հրետանին, մեր հետևակը, այլ ստորաբաժանումներ ուղղակի հրաշքներ են գործել։ Թշնամու զորքերից, վարձկաններից և մնացած թափթփուկներից Շուշի տանող ձորակներում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են մնացել։ Առաջիկայում համապատասխան տեսանյութերը, ֆոտոնյութերը կլինեն։ Այս պահին էլ մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է։ Այլ ճակատներում համեմատաբար ավելի թույլ գործողություններ են կատարվել։ Շուշի եկող ճանապարհներին նոր զորախմբերին ջախջախել են նաև հերոսական քարինտակցիները։ Ավելի հարավ, ավելի արևելք այլ բնակավայրերի ինքնապաշտպանական ուժերն անտառային զանգվածի, առանձին ճանապարհներով դեպի նորից Շուշի իրենց մնացորդ զորաջոկատներին օգնության եկող ադրբեջանական ստորաբաժանումներին ջախջախել են մյուս գյուղերի բնակիչները։ Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրերից էր։ Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու։ Եվ ինչքան էլ դրա մասին բաղձար Ալիևը, վստահեք, լցվեք վստահությամբ, հայոց զբանակը մինչև վերջ կռվելու է, և Շուշին չի ընկնելու»,- ասաց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց․ «Շուշիի ուղղությամբ տեղում կռվող զինվորականներն օրվա ընթացքում շատ հստակ բառապաշարով ասում էին՝ ամբողջ  պատերազմի ընթացքում մեր հրետանին այսպես փայլուն ու հզոր չէր աշխատել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա ասաց․ «Շուշիի պաշտպանական օպերացիան չեմ կարող ասել, որ ավարտված է, մարտերը շարունակվում են։  Չեմ կարող ասել, որ ամեն ինչ փայլուն է և այլ ծանր օրեր չեն սպասվում, բայց մենք պատվով դուրս ենք եկել այս իրավիճակից, և իրավիճակը փոխված է։ Վաղը դժվար թե նույն իրավիճակը լինի, բայց ծանր մարտեր են եղել»։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.