Բացառիկ մանրամասներ ընթացող ռազմական գործողություններում ահաբեկչական կազմակերպությունների մասնակցության վերաբերյալ.ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացառիկ մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողություններում ահաբեկչական կազմակերպությունների մասնակցության վերաբերյալ: «Արմենիապրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շարունակաբար իրականացվող օպերատիվ–հետախուզական բացառիկ գործողությունների արդյունքում անժխտելի տվյալներ են ստացվել, որ ադրբեջանաթուրքական ֆինանսավորմամբ գործող «ան-Նուսրա», «Սուլթան Մուրադ», «Հայաթ Թահրիր աշ–Շամ», «Հուրաս ադ–Դին»  ահաբեկչական կազմակերպություններին հարող զինյալները Սիրիայի Արաբական Հանրապետությունից, Թուրքիայի զինված ուժերի ուղեկցությամբ, ցամաքային սահմանով անցել են Թուրքիայի Հանրապետության տարածք, այնուհետև հատուկ պատրաստություն անցնելով, ինքնաթիռներով տեղափոխվել են Ադրբեջան՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով:

Մասնավորապես՝ փաստարկված նոր տվյալներ են ձեռք բերվել, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կազմում ռազմական գործողություններին որպես վարձկաններ մասնակցել են.

-Աբու Սթեֆ ալ–Հինդավինվերջինս հանդիսանում է Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող այսպես կոչված Սիրիական ազատագրական բանակի անդամ,

- Ահմադ ալ-Տայեբը. վերջինս սիրիական Իդլիբ քաղաքից է, սովորել է Հալեպի համալսարանում, բնակվում է թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող թուրքական Ռեյհանլի քաղաքում,

-Աբու Դիաբ Հալաբը:

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողություններին որպես վարձկաններ հիշյալ անձանց մասնակցության հանգամանքը հաստատող փաստական տվյալները փոխանցվել են վարույթն իրականացնող քննչական մարմնին, որի հիման վրա ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում ներկայումս մարտական գործողությունների վայրում գտնվող և ակտիվ մասնակցություն ունեցող Աբու Սթեֆ ալ–Հինդավին, Ահմադ ալ-Տայեբը, Աբու Դիաբ Հալաբը ներգրավվել են որպես մեղադրյալ, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու նպատակով, ինչպես նաև հայտարարվել է հետախուզում:

Հիշատակվածից բացի, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզաբանվել են ռազմական գործողություններին մասնակցող ավելի քան 20 վարձկանների տվյալներ ևս, որոնց թվում են Աբու Արաբա Հասանը, Աբու Շահիր Բզաանը, Մահմուդ Աբու Մուհամմադին, Համմուդ Թելքինը, Աբու Բաշիր Մաարան և այլ անձինք, ովքեր նույնպես ներկա դրությամբ հակառակորդի կողմից ակտիվ կերպով մասնակցում են Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողություններին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հիշյալ անձանց վերաբերյալ պարզված տվյալները հայտնել է միջազգային տարբեր կազմակերպություններին, գործընկեր երկրների հատուկ ծառայություններին՝ հավելյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև ցանկացած երկրի տարածքում նրանց հետագայում հայտնաբերելու դեպքում կալանավորելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են նաև ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման աղբյուրները, հավաքագրման եղանակներն ու Սիրիայից և այլ երկրներից Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխելու հստակ ուղիները: 

Բացի այդ, Արցախի Հանրապետությունում վերջին օրերին  կալանավորված երկու ահաբեկիչների՝  նախաքննական մարմնի հետ համագործակցության արդյունքում լրացուցիչ տվյալներ են ստացվել վերջիններիս Ադրբեջանում գտնվելու և ստացած հրահանգավորումների մասով: Մասնավորապես, մարտի դաշտ նետելուց առաջ զինյալներին հրահանգավորել են հայկական գյուղերում կենդանի մարդ չթողնել՝ ամեն կտրած հայի գլխի համար խոստանալով 100 ԱՄՆ դոլար պարգևավճար, Ադրբեջանում սպանված ոչ բոլոր ահաբեկիչների ընտանիքներն են ստացել խոստացված փոխհատուցումները, Սիրիայում նրանց ընտանիքների անդամներին չեն տեղեկացրել բազմաթիվ գրոհայինների մահվան մասին, ինչը դժգոհություններ է առաջացրել Ադրբեջան բերված ահաբեկչական խմբավորումների անդամների մոտ:

Ստացվել են նաև օպերատիվ տեղեկություններ, որ Արցախում ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո նշված ահաբեկչական խմբավորումները չեն վերադառնալու Սիրիա, այլ ծրագրում են ուղիներ գտնել՝ տարածաշրջանի տարբեր երկրներ անօրինական ներթափանցելու և ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:

Աշխատանքները նշված ուղղությամբ շարունակվում են»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.